Էրդողանը նոր Թուրքիա ստեղծելու հույս ունի․ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը հաշվարկ էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը գրանցվել է որպես մզկիթ։ Դեռևս VI դարում կառուցված տաճարը Քեմալ Աթաթուրքի որոշմամբ՝ 1934 թվականին դարձել էր թանգարան։ Այս որոշումը հուլիսի 10-ին չեղարկվեց Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանի որոշմամբ, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել աշխարհում։ 

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը 24News-ի հետ զրույցում այն կարծիքը հայտնեց, որ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքականության արդյունքն էր։ Նրա խոսքով՝ Թուրքիայի այս որոշումը պարունակում է և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական լուրջ հաշվարկներ․

«Էրդողանի ռեյտինգը վերջին ամիսներին անկում է գրանցել՝ հասել է մինչև 35 տոկոս, որն աննախադեպ է։ Փոխարենը բավական բարձրանում է ընդդիմադիր գործիչների ռեյտինգը։ Թուրքիայի նախագահի այս քայլը, համոզված եմ, նպատակ ունի իր կողմնակիցների թիվն ավելացնելու։ Կողմնակիցները, նրա հաշվարկներով, պետք է լինեն թուրքական հասարակության իսլամամետ շրջանակներից, որոնք կբարձրացնեն Էրդողանի ռեյտինգը։ Սա ներքին քաղաքական հաշվարկ է», - նշեց Սաֆրաստյանը։ 

Թուրքագետի խոսքով՝ Ռեջեփ Էրդողանը հույս ունի ստեղծել նոր Թուրքիա։ Նա նշեց, որ այստեղ կան նաև ռազմավարական հաշվարկներ, որը կնպաստի Թուրքիայի նախագահի նպատակների իրականացմանը։ 

«Էրդողանը նոր Թուրքիա ստեղծելու տեսլական ունի, այն պետք է Աթաթուրքի Թուրքիայի շարունակությունը լինի։ Էրդողանին սիմվոլիկ քայլ էր պետք, որով իրեն կտարանջատեր Աթաթուրքից, որն էլ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելն էր։ Էրդողանը ցույց է տալիս, որ ինքն ավելի իսլամամամետ քաղաքականության կողմնակից է», - ասաց թուրքագետը։

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանն անդրադարձել էր Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝  նշելով, որ Թուրքիան շարունակում է հոգևոր և մշակութային արժեքներ ոտնահարելու, պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը․ 

«Այո՛, ցեղասպանությունն այլ տեսքով շարունակվում է նույն ցեղասպանի կողմից, աշխարհի լռության դիմաց: Օսմանյան կայսրության այլամերժ գաղափարախոսությունը այլապես թափանցում է ամեն տեղ՝ արաբական աշխարհից սկսած մինչև արմտևյան երկրներ, աշխարհի լռության դիմաց», - հայտարարել էր Արամ Ա-ն։ 

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ տեղի ունեցածը Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության շարունակությունն է, որը վերացնում է այլ քաղաքակրթություններից ստեղծված մշակութային արժեքները։ Սաֆրաստյանը նշում է, որ  սա Թուրքիայի կողմից մշակութային ցեղասպանության հերթական դրսևորումներից մեկն է։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ