2019-ի բյուջեն պարտքը կայունացնելու միտում ունի. ֆինանսների նախարարի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Եկող տարվա պետական բյուջեն մերերկրի պարտքը կայունացնելու միտում ունի, վարկերի սպասարկման համար կհատկացվի 357 մլրդ դրամ, պարտքի տոկոսը կնվազի։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, 2019-ի բյուջեն ներկայացնելիս ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ 2018-ի առաջին կիսամյակի տվյալներով ՀՆԱ աճի ցուցանիշը եղել է 8,3 տոկոս, սակայն 9 ամսվա կտրվածքով ավելի վատ պատկեր ունենք, քանի որ գյուղատնտեսությունը բյուջեի ցուցանիշների վրա մեծ ազդեցություն չի ունեցել։

«Կանխատեսված էր, որ ՀՆԱ-ի աճը կկազմի 4,5 տոկոս, սակայն վերանայվեց այդ ցուցանիշը և կանխատեսվեց, որ այն կկազմի 6,5 տոկոս։ Հիմա, սակայն, կրկին վերանայում է տեղի ունեցել և կանխատեսվում է, որ աճը կլինի 5-6 տոկոսի սահմաններում: 2019-ի համար էլ համար կանխատեսվում է 4,9 տոկոս տնտեսական աճ»,- ասաց Ջանջուղազյանը:

Նախարարի պաշտոնակատարի փոխանցմամբ, Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2018-ին կկազմի 20,3 տոկոս, իսկ 2019-ին՝ 20,7 տոկոս: «Հարկային եկամուտները 2019-ին կկազմեն 1 տրլն 399 մլրդ դրամ, պաշտոնական դրամաշնորհները՝ 39 մլրդ դրամ եւ այլ եկամուտները՝ 25,4 մլրդ դրամ: Բյուջեի դեֆիցիտը 2019-ին կանխատեսվում է, որ կլինի 151,5 մլրդ դրամ, որից ներքին աղբյուրների հաշվին կֆինանսավորվի միայն 54 մլն դրամը, մնացածը՝ արտաքին միջոցների հաշվին: 2019-ին կանխատեսվում է 241 մլրդ դրամի վարկերի ստացում, իսկ մարումը՝ 85 մլրդ դրամ»,-ասաց Ջանջուղազյանը:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատարն ասաց, որ 2019-ին պետական պարտքը կկազմի 6 մլրդ 950 մլն դոլար։