Պատերազմը ոչ միայն չի դադարել, այլև հակառակորդը հարմար առիթ է փնտրում. Չալաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

1

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով հուլիսի 12-ին Տավուշի մարզի սահմանին ադրբեջանական սադրանքին: 

«Երեկ Տավուշի սահմանագծում տեղի ունեցած մարտական գործողությունները եկան հիշեցնելու, որ պատերազմը ոչ միայն չի դադարել, այլև հակառակորդը հարմար առիթ է փնտրում՝ վերսկսելու մարտական գործողությունները և դրանք մեր տարածք տեղափոխելու։

Երեկ մեր ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել հակառակորդին, և կորուստներով հետ շպրտել, վերահաստատելով, որ մեր պետության ողնաշարը մեր բանակն է, և հենց նրա պողպատյա բռունցքն է զսպում հակառակորդին։ Որպեսզի մեր բանակը շարունակի պատվով կատարել իր առաքելությունը, մենք բոլորս, անկախ այլ հարցերում հնարավոր տարաձայնություններից, այսօր մեկ մարդու պես պետք է կանգնենք մեր բանակի կողքին, բոլորս լինենք մեկ բանակ։

Այս նկարը արվել է երեք տարի առաջ, երեկվա մարտի դիրքերի անմիջական հարևանությամբ։ Զինվորական, հոգևորական և աշխարհիկ մարդիկ այդ օրերին ի մի էին բերել իրենց ուժերը՝ ամրապնդելու մեր դիրքերն ու մեր պաշտպանությունը, և ես այսօր հպարտ եմ, որ մեր արածը արդյունք է տալիս։ Մենք շարունակելու ենք թե հոգով, թե մտքով, և թե գործով միշտ լինել մեր բանակի կողքին, և հաղթանակի օրերին, և կորուստների պահերին, որովհետև մենք բոլորս մեկ բանակ ենք։

Կեցցե՛ մեր Բանակը, կեցցե՛ն մեր հրամանատարները և զինվորները, կեցցե՛ մեր ազգը, որն այդպիսի որդիներ է տվել»,- գրել է նա:

--00—ԼՄ