Միջազգային հանրությունից ակնկալում ենք կոշտ և հասցեական գնահատականներ. «Հայրենք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

վանեցյան

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի սադրիչ պահվածքն ու տարածաշրջանում ռազմական լարվածության աճի անթաքույց դրսևորումները` միջազգային հանրությունից ակնկալում ենք կոշտ և հասցեական գնահատականներ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայրենիք» կուսակցության խորհուրդը։

«Երեկ՝ հուլիսի 12-ին, Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողությունների արդյունքում հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ ՀՀ զինված ուժերի զինծառայողների աչալուրջ հսկողության և սաստող պատասխանի արդյունքում հակառակորդը, զգալի կորուստներ կրելով` հետ է շպրտվել։

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը, ոգևորվելով այն մթնոլորտից, որ իր սանձարձակ հակահայկական վարքագիծը չի արժանանում միջազգային կառույցների համարժեք գնահատականին, ուժի կիրառման սպառնալիքից անցել է ուժի ուղղակի կիրառման ՀՀ-ի դեմ:

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի սադրիչ պահվածքն ու տարածաշրջանում ռազմական լարվածության աճի անթաքույց դրսևորումները` միջազգային հանրությունից ակնկալում ենք կոշտ և հասցեական գնահատականներ։ Ադրբեջանի նման գործելաոճը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդի հետ երկխոսության ամենաքաղաքակիրթ եղանակը հայկական զինված ուժերի ասիմետրիկ և խաղաղություն պարտադրող պատասխանն է։ Այդ առաքելությունն այսօր պատվով են իրականացնում ՀՀ և Արցախի զինված ուժերը` անառիկ պահելով մեր հայրենիքի սահմանները»,- նշված է հայտարարությունում։

--00—ԼՄ