Ընտրակաշառք բաժանելու համար ԱՁ բացելու մասին տեղեկատվությունն աբսուրդ է․ Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 13, 24News

Thumbnail

ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու համար ԱՁ բացելու մասին տեղեկատվությունը կատարյալ աբսուրդ է, նման բան չկա և պարզապես չի կարող լինել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Զրույցի ընթացքում պատգամավորը անդրադարձավ «Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար տասնյակ և նույնիսկ հարյուրավոր ԱՁ-ներ է գրանցում, նախընտրական շրջանում այդ ՍՊԸ-ները աշխատանքի կընդունեն կուսակցության համակիրներին, որոնք ԲՀԿ-ի օգտին քվեարկելու դիմաց աշխատավարձ կստանան:

«Արդեն տպավորություն է, որ մամուլն անընդհատ ինչ-որ ապատեղեկատվություն է հրապարակում, և մենք, մեր գործերը թողած, մեր օրակարգը թողած, պիտի անընդհատ զբաղված լինենք այս կամ այն լրատվամիջոցի ապատեղեկատվությունը հերքելով: Ո´չ, չկա նման բան և չի կարող լինել: Որևէ կերպ ԲՀԿ-ն չի շահագրգռելու ընտրողին: Մենք օրակարգ ունենք, ներկայացնելու ենք մեր նախաընտրական ծրագիրը: Մենք ասելու ենք, գալիս ենք այս քաղաքական,տնտեսական ծրագրերով, որոշողը դուք եք լինելու, որքան վստահության քվե կտաք մեզ, այդքանի համար էլ շնորհակալ կլինեք և կաշխատենք մեր վստահության քվեի սահմաններում: Չի կարելի ինչ-որ բան հորինել, այն ներկայացնել որպես 100 տոկոսանոց ճշմարտություն և «Կիկոսի մահի» ժանրով փորձել դրա  հետևանքների վերաբերյալ վերլուծություններ անել և պարզաբանումներ պահանջել»,-շեշտեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրեն բավականին զվարճացրել է այդ տեղեկատվությունը:

Անդրադառնալով հարցին, թե կարող է վստահեցնել, որ առհասարակ ԱՁ-ներ այս ժամանակահատվածում չեն բացում, պատգամավորը, որն արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվում է Սյունիքի մարզից, ասաց.

«Ես առհասարակ բիզնեսից այնքան հեռու եմ, որքան ինչ-որ մեկը Մարսից, բայց, վստահ եմ, որ որևէ անօրինական նպատակով, որը ենթադրյալ գործողություն է, որ կարող է կապ ունենալ ընտրությունների հետ, չկա և չի կարող լինել»,-ասաց նա: