Միրզոյանը ՀԱՊԿ անդամ-երկրների խորհրդարաններին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի սադրանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

արարատ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրներին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու համար:

«Նամակներ եմ հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկած սադրիչ գործողությունները և կոչ անելով դատապարտել դրանք»,-գրել է ԱԺ խոսնակը։

Նշենք, որ քիչ առաջ ՊՆ խոսնակը հայտարարել է, որ իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է. «Այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Հուլիսի 13-ի առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները:

 

--00—ԼՄ