Սա մեր գյուղն է, մեր ժողովուրդը. մենք շան բերանը տալու հայրենիք չունենք. Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման ժամանակ Մովսես գյուղից տեսանյութ է հրապարակել, որում սրբազանը տեղեկացնում է, որ հայկական բանակը կարևոր քայլ է կատարել:

«Որքան էլ թշնամական ուժերը փորձում են անհանգստություն պատճառել, սա մեր գյուղն է, մեր ժողովուրդը, խաղաղ ու հանգիստ, պատրաստ ամեն վայրկյան ամեն ինչի. Մենք շան բերանը տալու հայրենիք չունենք»,-ասել է սրբազանը, որին ուղեկցել են նաև այլ քահանաներ ու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Մենք հիմա գտնվում ենք Մովսես գյուղում: Կյանքը բնականոն հունի մեջ է: Մարդիկ զբաղված են իրենց առօրյա աշխատանքով և մեծապես շնորհիվ մեր փառապանծ հայոց բանակի, որն ապահովում է մեր ու մեր գյուղերի անդորրը: Մենք կերտել ենք հաղթական բանակ, որը հաղթական է լինելու մինչեւ վերջ»,-ասել է Տավուշի մարզպետը:

Բագրատ Գալստանյանը իր հերթին խնդրանքով դիմել է թիկունքում գտնվող հայ ժողովրդին:

«Անկախ նրանից՝ քաղաքական ի՞նչ կողմնորոշում ունեք, բոլորդ էլ հարգելի եք: Շատ եմ խնդրում ձեզ գոնե այս վայրկյանին մարդկանց ո՛չ թիրախավորեք, ո՛չ անվանարկեք, ո՛չ որևէ կերպ փորձեք ցեխ շպրտել: Այս պահին ո՛չ նախկին կա, ո՛չ ներկա, բոլորս ներկայում ենք ապրում: Գոնե մի քանի օր հանդարտվե՛ք, որովհետև սա մեր բոլորի կյանքն է: Կորուստներն էլ են մերը, ձեռքբերումներն էլ»,- ասել է Տավուշի թեմի առաջնորդը:

--00—ԼՄ