Անըմբռնելի է Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքը այս համավարակի պայմաններում․ Մայր Աթոռ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

․

Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել եպիսկոպոսների հավաք։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից։

Ժողովին թեմակալ առաջնորդներն ու Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները անդրադարձել են հուլիսի 12-ից սկսյալ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ արձանագրված հրադադարի խախտումներին և ներթափանցման փորձերին։

«Մտահոգությամբ տեղեկացանք Ադրբեջանի կողմից Հայաստանի հյուսիսային սահմանների նկատմամբ կատարված հերթական ոտնձգության մասին, որի հետևանքով կան տուժած հայ զինծառայողներ։  Անըմբռնելի է Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ կեցվածքը համընդհանուր այս համավարակի պայմաններում։

Դատապարտում ենք հակառակորդի կողմից մեր երկրի նկատմամբ դրսևորված ագրեսիան և հրավիրում միջազգային հանրությանը առարկայական ու համարժեք գնահատականներով կանխելու ռազմական գործողությունների հնարավոր ծավալումները և դրանց հետագա կրկնությունը։

Աղոթելով ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով տուժած մեր զավակների շուտափույթ ապաքինման համար՝ մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին և սահմանամերձ բնակավայրերի մեր քաջարի զավակներին՝ մաղթելով ամրություն ու արիության ոգի դիմագրավելու համար հակառակորդի հարձակումներն ու նկրտումները։

Աղոթում ենք, որ խաղաղությունն անվրդով մնա մեր տարածաշրջանում և մեր ժողովուրդը շարունակի բնականոն կյանքի իր ընթացքը», - ասված է ուղերձում։

Ժողովականները նաև քննության են առել համավարակի պայմաններում Մայր Աթոռի և թեմերի կողմից ձեռնարկված քայլերը և կարիքավոր ընտանիքներին ի նպաստ իրականացվող աջակցության ծրագրերը։

Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է նաև, որ հոգևոր հովիվների կողմից լուսաբանական աշխատանքներ իրականացվեն՝ զորավիգ լինելու պատկան կառույցներին համավարակի կանխարգելման գործողություններում՝ հորդոր ուղղելով ժողովրդին խստորեն հետևելու պարետատան կողմից սահմանված առողջապահական կանոններին և դրսևորելու հանրային բարձր գիտակցություն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ հանրակրթության պետական չափորոշչի նախագծին և դրա վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշմանը, որի շրջանակներում պետական պատկան մարմիններին հորդոր է ուղղվել հիմնորվին վերատեսության ենթարկել փաստաթուղթը՝ նկատի առնելով վերջինիս մեջ տեղ գտած հայեցակարգային էական բացթողումները։ Խորհրդակցության ընթացքում որոշում կայացվեց հետևել այս ուղղությամբ ընթացող զարգացումներին և նկատի առնել սույն հարցը հետագա հանդիպումների քննարկումներում։

--0--ԱՀ