Մենք այնպիսի վտանգավոր փուլում ենք, երբ ցանկացած օր կարող է իրավիճակը սրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

Հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի դիրքերի ուղղությամբ, Ադրբեջանի գործողություններն առաջին հերթին այդ երկրի քաղաքականության արդյունք են։ Ինչպես հայտնի է, նրանք ամեն ինչ անում են բանակցային գործընթացի տապալման համար։ Բանը հասել է նրան, որ նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ խոսում է բանակցային գործընթացի ոչ արդյունավետ լինելու մասին, և այս իրավիճակում, երբ մեղադրանք է հնչում միջնորդների ուղղությամբ, սպասելի էր դարձնում իրադարձությունների՝ առաջնագիծ տեղափոխելու գործընթացը։ Մենք գտնվում ենք մի այնպիսի վտանգավոր փուլում, երբ ցանկացած ժամանակ, օր կարող է իրավիճակը սուր բնույթ ստանալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ այս պահին դժվար է միանշանակ պնդել, որ ագրեսորը լայնամասշտաբ գործողությունների չի դիմի։ 

«Ցավոք, վիճակն այնպիսին է, որ սցենարային առումով կարող են տարբեր զարգացումներ լինել, այդ թվում՝ գործողությունների հիմնական ուղղության փոփոխություններ կամ նոր ճակատի ընդգրկում։ Իրավիճակային առումով այս եզրահանգումներին նպաստում են Ադրբեջանից հնչող հայտարարությունները։ Այսօր Ադրբեջանում անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, որտեղ Ալիևը խոստացել է «վրեժ լուծել իրենց հայրենակիցների» համար։ Սա ենթադրում է, որ անհրաժեշտ հանձնարարական է իջեցված զինված ուժերին՝ հնարավորինս ակտիվ պահելու և հայկական կողմին վնասներ հասցնելու համար։ Իհարկե, հայկական զինուժը տեղում կետային, նպատակային հարվածներ է հասցնում բոլոր այն վտանագավոր տեղերին, որտեղից կրակ է արձակվում մեր դիրքերի ուղղությամբ։ Մեր ԶՈՒ-ն երեկվանից բավականին արդյունավետ միջոցառումների շարք է իրականացնում»,- ասել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

--0--ԿԿ