Իտալիայից եկած բուժաշխատողների խումբն աշխատում է Covid-19-ի դեմ պայքարող հիվանդանոցներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

հասարակական

Իտալիայից Հայաստան է ժամանել 11 բուժաշխատող՝ մարդասիրական առաքելության շրջանակում աջակցելու Հայաստանի առողջապահական համակարգին։

Բուժաշխատողները Հայաստան են ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՀՀ առողջապահության նախարարության համագործակցության շրջանակում եւ արդեն ավելի քան մեկ շաբաթ է աշխատում են հայաստանյան հիվանդանոցներում, որտեղ բուժում են ստանում Covid-19 ախտորոշում ունեցող պացիենտները։ Առաքելության աշխատանքն իրականություն է դարձել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ։

Մարիո Ռավիոլոյի գլխավորությամբ բուժաշխատողների խումբն անցկացնում է ուսուցողական դասընթացներ կորոնավիրուսային հիվանդության բուժման, հակաբիոտիկների օգտագործման եւ այլ հարցերի շուրջ։ Այս խմբի խնամքի տակ են նաեւ ծանր վիճակում գտնվող պացիենտներ։

«Հայաստան ժամանած պրոֆեսիոնալ թիմը ԱՀԿ-ի «Արտակարգ իրավիճակների արձագանքման բուժանձնակազմ» նախաձեռնության դասակարգման մեջ է։ Այդ նախաձեռնությունն ուղղված է մասնագետների համաշխարհային ցանցի ձեւավորմանը, որը հնարավորություն է տալիս բժշկական օգնություն ցուցաբերել արտակարգ իրավիճակների ժամանակ»,- նշել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցեւը։ Նրա խոսքով այդ մասնագետները  անցել են ԱՀԿ որակավորում ըստ նախապես սահմանված չափանիշների եւ տիրապետում են տարբեր երկրների առողջապահական համակարգերին աջակցելու անհրաժեշտ գործիքակազմին։

Նախատեսվում է, որ բուժանձնակազմը Հայաստանում կմնա երեք շաբաթ, այնուհետեւ էլ կշարունակի հայաստանյան բուժաշխատողներին աջակցել խորհրդատվությամբ եւ դասընթացներով։

Իտալացի բժիշկներին հետեւել են գերմանացի եւ լեհ գործընկերները, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել Հայաստանին՝ կրկին ի պատասխան ԱՀԿ-ի համաշխարհային կոչին։

--0--ԿԿ