Խիստ անհրաժեշտ է ապահովել տեղեկատվական հիգիենայի խստագույն պահպանում բոլորիս կողմից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իսկ հիմա լուրջ...
Մի պահ թողնենք ոգևորությունը և փորձենք հասկանալ մի քանի կարևոր պահեր։
1. Ադրբեջանի ղեկավարությունը փաստացի պատանդ է ընկել հայերի հանդեպ տասնամյակներ շարունակ իր իսկ կողմից աճեցրած՝ ստի և անասնական ատելության ձեռքը։
2.Ալիևը հասկանում է, որ իր իսկ ստեղծած ադրբեջանական շինծու միֆերը առ այն, որ իրենք իբր մի քանի օրում կհաղթեն պատերազմում, իրեն դրել են շատ ծանր կացության մեջ։
3. «Պետք է հասկանալ, որ հազարավոր ադրբեջանցիներ, որոնք դուրս են եկել փողոց` պահանջելով պատերազմ ,իրականում, հավատում են, որ պետք է վերսկսել մեր դեմ պատերազմը։
4.Պետք է նաև հասկանալ, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ ակտիվ սկսել է իրենց կողմից հնարավոր էսկալացիայի դիվանագիտական «բարձիկի» նախապատրաստումը միջազգային տարբեր հարթակներում։
5. Հիմա իրականում մեզ առանց պաթոսախառն վանկարկումների պետք է անհապաղ ձևավորել լայն դիվանագիտական և տեղեկատվական ճակատ` արտաքին ասպարեզում աշխատելու համար։(Ասեմ, որ իրականում այդ աշխատանքները ընթանում են, բայց մի փոքր դանդաղ, պետք է ավելի արագ)
6. Խիստ անհրաժեշտ է ապահովել տեղեկատվական հիգիենայի խստագույն պահպանում բոլորիս կողմից, թե սոցիալական ցանցերում, և թե իհարկե ԶԼՄ֊ներն էլ պետք է հետ չմնան տեղեկատվական հիգիենայի պահպանման գործում ( չշփոթել ցենզուրայի հետ,սա ուրիշ եզրույթ է) ։
7. Ամենակարևորը` յուրաքանչյուր ժամ!հարկավոր է անդադար վերլուծել իրավիճակը և անել ամեն ինչ, որ մենք բոլոր առումներով լինենք ադրբեջանցիներից մի քանի քայլ առաջ, թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական, թե՛ տեղեկատվական առումներով։

Եվ ի սեր Աստծո, խնդրում եմ հասկացեք, սրանք մեզ համար "օպոնենտ" և "հակառակորդ" չեն, սրանք՝ վայրենի, մեր երեխաների արյունը պահանջող դաժան և լկտի ԹՇՆԱՄԻՆԵՐ ԵՆ։

Առայժմ այսքանը...»։

--0—ՄՀ