Երևանը հույս ունի՝ ՌԴ-ն կօգտագործի ազդեցությունը սահմանին լարվածությունը նվազեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

Տողանյան

Երևանը հույս ունի, որ Ռուսաստանն իր ազդեցությունն ուհնարավորությունները կօգտագործի հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին РИА Новости-ին ասել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը։

Նա հիշեցրել է, որ Երևանը դեռևս 1993 թվականից համաձայնել է, որ Ռուսաստանը միջնորդական դերակատարություն ունենա տարածաշրջանում հակամարտության կարգավորման գործում:

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, գլխավորում է միջնորդական առաքելությունը, ՌԴ-ն խաղացել և խաղում է կարևոր միջնորդական դեր: Մոսկվայի ջանքերով 1994 թվականին դադարեցվեց արյունալի պատերազմը, Ռուսաստանի ջանքերով դադարեցվեց 2016 թվականի քառօրյա պատերազմը: Այդ պատճառով մենք լիահույս ենք, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը, հնարավորությունները (ներկայիս լարվածությունը նվազեցնելու համար)»,-ասել է դեսպանը:

 Նա նշել է նաև, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ «ինտենսիվ բանակցություններ են ընթանում, արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել»:

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ներդնում է հնարավոր բոլոր ջանքերը տարածաշրջանում մեծ ապակայունացում թույլ չտալու համար: Ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին. Փաստացի մենք հիմա հայտնվել ենք աշխարհաքաղաքական նոր իրողությունում, երբ տարածաշրջանային երկրներից մեկը միջամտում է հակամարտությանն ու փորձում է ապակայունացում հրահրել»,- ընդգծել է Տողանյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Հուլիսի 13-ի առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները, իսկ 14-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից, դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմը կրակով կասեցրել է։

Հուլիսի 14-ին գիշերը, ինչպես նաև առավոտյան հակառակորդը վերսկսել է կարկոցները Տավուշի մարզի ուղղությամբ: Թիրախում Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքներն են:

 --0—ՄՀ