Հայկական ԶՈւ-ն խոցել է «Elbit Hermes 900» ԱԹՍ, ոչ թե քաղաքացիական ինքնաթիռ. հերքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 16, 24News

հերմես

Արդբեջանական և ռուսական որոշ լրատվամիջոցներ տարածում են հերթական ապատեղեկատվությունը՝ Հայաստանի զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական «Hermes 900» անօդաչու թռչող սարքի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:

Հղում կատարելով գերմանական «Bild» լրատվակայքի լրագրող Ջուլիան Ռեպկեյի՝ օրերս Тwitter-ում կատարած գրառմանը, լրատվականները տեղեկություն են տարածում, թե իբր տարածված տեսանյութում խոցվողը ոչ թե ադրբեջանական ԱԹՍ է եղել, այլ՝ քաղաքացիական ինքնաթիռ։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Հայկական զինված ուժերի կողմից խոցվել է իսրայելական արտադրութան «Elbit Hermes 900» արդիական անօդաչու թռչող սարք։

Ավելի վաղ Իջևանում ստեղծված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ԱԹՍ-ն խոցվել է «ОСА АКМ» Հայաստանում արդիականացված համալիրների միջոցով։

Հիշեցնենք՝ 2020 թվականի հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը դիմեցին սադրանքի հայ-ադրբեջանական պետական սահմանի հատվածում՝ Ուազ տեսակի ավտոմեքենայով մոտենալով հայկական դիրքերին։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինվորները, թողնելով մեքենան միջդիրքային հատվածում, հեռացան։ Կարճ ժամանակ անց ադրբեջանի զինված ուժերը սկսեցին հրետակոծել հայկական դիրքերն ու սահմանամերձ գյուղերը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

--00—ԼՄ