Ադրբեջանի որոշ դեսպաններ դավաճանել են երկրին և չեն թաքցնում դա. Ալիևը կրկին բարկացել է

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական մի շարք դիվանագետներին մեղադրել է պետական դավաճանության մեջ՝ նշելով, որ դա կադրային սխալ քաղաքականության հետևանք է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ակտիվ քայլեր է ձեռնարկում բոլոր երկրների հետ բնականոն բարեկամական և գործընկերային հարաբերությունների հաստատման համար, բայց դա չի նշանակում, որ պետության, ժողովրդի շահերը պետք է մի կողմ դնել:

«Արտերկրում մեր դիվանագետներից ոմանք դարձել են այդ երկրների դեսպանները, որտեղ նրանք աշխատում են: Այս երևույթին պետք է վերջ տրվի: Սա կադրային սխալ քաղաքականության հետևանք է: Որոշ դիվանագետներ դավաճանել են պետությանը, դավաճանել և չեն թաքցնում դա: Նրանք այն երկրների հատուկ ծառայությունների վերահսկողության տակ են, որտեղ ապրում են»,- նշել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահն այս մասին բավականաչափ տեղեկություններ ունի, և ըստ նրա՝  ադրբեջանական դիվանագետները այդ երկների հատուկ ծառայությունից գումարներ և ցուցումներ են ստանում։ «Մեր հատուկ ծառայությունները բազմիցս տեղեկացրել են այդ երկրների հատուկ ծառայություններին, որոնք մեր գործընկերներն են: Ասել ենք, որ գիտենք՝ դուք եք ղեկավարում այդ մարդուն, դուք նրան տուն եք տրամադրել, այդ մարդը ձեր կամքով կեղտոտ քայլեր է անում: Մենք գիտենք այս ամենը: Ես կրկին ուզում եմ ասել, որ սա ցույց է տալիս այդ երկրների կեղծավորությունը: Մի կողմից՝ նրանք մեզ ընկերության ազդակներ են ուղարկում, խոսում գործընկերության մասին, բայց, ըստ էության, նրանք քարոզչություն են անում մեր դեմ: Նրանց նպատակը Ադրբեջանը թուլացնելն է, խարխլելն ու առաջնորդների մասին սուտ տարածելն է: Բայց կյանքը ցույց է տալիս, որ դա նշանակություն չունի: Քանի որ ադրբեջանցի ժողովուրդը ամեն ինչ լավ գիտի: Նա գիտի, որ այսօր մեր գործունեության մեջ առաջին հերթին ադրբեջանցու շահերն են», - եզրափակել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը հուլիսի 15-ին էլ խիստ քննադատության էր ենթարկել ԱԳ արդեն նախկին նախարար Էլմար Մամեդյարովին, որին հուլիսի 16-ին ազատել է պաշտոնից: Նրան փոխարինել է Ջեյհուն Բայրամովը:

--0--ԱՀ