Սարի Թաղում ավտոմատով կրակողի հարազատի նկատմամբ ամիսներ առաջ սպանության փորձ էր եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 17, 24News

սարի թաղ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի որոշմամբ հուլիսի 14-ին ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում արդեն կա կասկածյալ՝ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողի մասին։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժամունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, այնուհետև այդ տեղեկություններն իրացնելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խմբի հետ՝ պարզվել է, որ կասկածյալը Սարի Թաղի բնակիչ, 39-ամյա Մհեր Ֆարսյանն է, ով կասկածվում է հուլիսի 14-ին Սարի Թաղի բնակիչ, 27-ամյա Ս. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։

Ըստ աղբյուրի՝ Մ. Ֆարսյանի հարազատի նկատմամբ ամիսներ առաջ Սարի Թաղում նույնպես կատարվել էր հրազենի գործադրմամբ սպանության փորձ, իսկ նրան ոստիկանները մեկ այլ հանցագործության համար ձերբակալել էին, սակայն դատարանը ազատ էր արձակել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Մ. Ֆարսյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ աղբյուրը դեպքի վայրից հայտնել էր, որ հուլիսի 14-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիական ավտոմեքենայով հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածն է Երևան քաղաքի Սարի Թաղի 26-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Սամվել Հովհաննիսյանը։ Ըստ բժիշկների՝ վերջինս գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանները պարզել էին նաև, որ վիրավորը հիվանդանոց էր տեղափոխվել Սարի Թաղի 26-րդ փողոցի 26 և 13 տների դիմացից և ժամանելով դեպքի վայր՝ այնտեղ հայտնաբերել էին ավտոմատից կրակված 2 պարկուճ, արնանման բազմաթիվ հետքեր, BMW X5 մակնիշի ավտոմեքենա։

 

--00—ԱԹ