Եկեղեցիների hամաշխարհային խորհուրդը հորդորում է դադարեցնել հակամարտության սրացումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

բանակ

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների, խաղաղ բնակավայրերի հրետակոծման և լարվածության հրահրման առիթով հուլիսի 16-ին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան հանդես է եկել հայտարարությամբ:

Խորհուրդը հորդորում է շտապ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրացումը, որը կիրակի՝ հուլիսի 12-ից խլեց առնվազն 16 մարդու կյանք և հանգեցրեց ապակայունացման՝ սպառնալով վերաճելու լայնամասշտաբ հակամարտության։

«ԵՀԽ-ն խորապես անհանգստացած է առկա զեկույցներով, որոնց համաձայն փոխադարձ հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական անձինք են տուժել և քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքներ՝ ներառյալ կորոնավիրուսի համավարակի դեմ անձնական պաշտպանիչ միջոցներ արտադրող Հայաստանի Տավուշի մարզի գործարանը։

Մասնավորապես, նոր կորոնավիրուսի համավարակի այս իրավիճակում, որը ներազդել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի վրա, ԵՀԽ-ն հորդորում է երկու կողմերին՝ հետևելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համընդհանուր հրադադարի կոչին՝ հնարավորություն տալով անհրաժեշտ բոլոր միջոցները տրամադրել համավարակի դեմ պայքարին։ Մինչ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հետևելու համընդհանուր հրադադարին, ԵՀԽ-ն ցավով արձանագրում է, որ Ադրբեջանը չի հետևում դրան»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՀԽ գործող գլխավոր քարտուղարը նաև անդրադարձել է ԵԱՀԿ միջնորդական առաքելությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ կոչ ուղղելով կողմերին՝ վերսկսելու դիվանագիտական ջանքեր գործադրել՝ երկու ժողովուրդների միջև հակամարտությունը հանգուցալուծելու նպատակով։ --0—ՄՀ