ՌԴ-ն քայլեր է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News  

Լավրով

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Այս մասին Աբրահամյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանին առաջացած լարվածության հետ կապված հարցեր։  

Նախարարին տեղեկացրել եմ Ռուսաստանի հայերի միության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մասին՝  Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների սկսվելու հետ կաված,  անհանգստություն հայտնելով Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների առնչությամբ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Ինչպես նաև նախարարին ծանոթացրել եմ այն աշխատանքների հետ, որոնք այս օրերին իրականացնում է Ռուսաստանի հայերի միությունը, այդ թվում` ուղղված Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգային հողի վրա կոնֆլիկտային դրսևորումները կանխելուն։

Սերգեյ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը, որպես երկիր, որը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմամբ, արդեն մի շարք քայլեր է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցման և իրավիճակի կայունացման համար»,-գրել է Աբրահամյանը:

 --0—ՄՀ