«Կիրթ» մարդը մեկ տասնյամյակից ավելի հայատյացություն է քարոզում․ Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

քաղաքական
24News-ի զրուցակիցն է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

- Այս օրերին միջազգային հանրությունն ինչպե՞ս է արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին։

- Միջազգային տարբեր կառույցներ ու պետություններ, բնականաբար, տարբերվող հայտարարություններով հանդես եկան: Կային թե՛ անկողմնակալ, թե՛ կողմնակալ հայտարարություններ: Ակնհայտ էր, որ Թուրքիան պետք է կողմնակալ հայտարարություն աներ: Ակնհայտ էր նաև, որ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ չունեցող երկրները, օրինակ՝ Սաուդիան Արաբիան ու Պակիստանը, նույնպես պետք է պրոադրբեջանական հայտարարություններ անեին: Իսկ, օրինակ, Հունաստանից ու Կիպրոսից Հայաստանին աջակցող հայտարարություններ եղան: Կարևոր է հաշվի առնել, որ ակտիվորեն աշխատում էին մեր լոբբիստական կառույցները: Օրինակ՝ Միացյալ Նահանգներում բավական շատ կոնգրեսականներ ու սենատորներ հայանպաստ հայտարարություններով հանդես եկան, ինչը նույնպես կարևոր ազդանշանան է ու ճնշում Ադրբեջանի վրա  միջազգային հանրության կողմից:

- Ուկրաինան, Վրաստանն ու այլ երկրներ, որոնց հետ, թվում է, բարեկամ երկրներ ենք, միակողմանի, Ադրբեջանին պաշտպանող հայտարարություններ են տարածել։ Քննարկումների տեղիք է տվել նաև ՀԱՊԿ-ի արձագանքը: Ի՞նչ պետք է ասեր  ՀԱՊԿ-ը, որ չի ասել կամ խուսափել է ասել։

- Վրաստանի ու Ուկրաինայի արձագանքը շատ տրամաբանական էր, քանի որ նրանք ՎՈւԱՄ (Միջազգային կառույց, որի անդամակցող երկրներ են Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Ուկրաինան- հեղ.) անդամ պետություններ են, ու նրանք, տրամաբանական է, որ կողմնակալ հայտարարություն էին անելու: Այստեղ զարմանալու ոչինչ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա Հայաստանն այդ կառույցին ֆորմալ չի դիմել, արտգործնախարարն է ուղղակի խոսել ՀԱՊԿ նախագահի հետ, իսկ դա դիմում չի համարվում: Այսինքն՝ Հայաստանն այդ կառույցին չի դիմել օգնության համար:

- Միջազգային կառույցների ու պետությունների հետ երկխոսելիս ինչի՞ վրա պետք է շեշտը դնենք: Արդյո՞ք հռետորաբանություն փոխելու կարիք կա։

- Կարծում եմ՝ ավելի ակտիվ պետք է աշխատենք, կոնկրետ թիրախներին պետք է խփենք: Միջազգային մամուլի հետ հատկապես առավել ակտիվորեն պետք է շփվենք, որպեսզի հասարակական ընկալումներ կարողանանք ստեղծել: Չափազանց կարևոր է հեղինակավոր կառույցների հետ աշխատանքն ու այն կազմակերպությունների հետ շփումը, որոնք մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում:

- Ադրբեջանում, գիտենք, քաղաքացիներն իշխանություններից պահանջում են գնալ մինչև վերջ ու պատերազմն ավարտին հասցնել։ Պարզ է՝ ինքնաբուխ հավաքներ չեն դրանք, բայց այդ տրամադրություններն ո՞ւր կարող են հասնել։

- Թեև Ադրբեջանի քաղաքացիները պահանջում էին պատերազմ հայտարարել Հայաստանին ու ռազմական ճանապարհով լուծել խնդիրը, բայց Ալիևն ինքն ասաց՝ 30 հազարանոց հանրահավաքից հետո ընդամենը 150 մարդ է դիմել զինկոմիսարիատներ ու պատրաստակամություն հայտնել ռազմաճակատ մեկնելու: Այնպես որ, այս թվերն ասում են ամեն բան:

- Այդ ցույցերից ու հավաքներից ի՞նչ պարզ դարձավ, ո՞ւմ հետ գործ ունենք, «կիրթ» մարդկա՞նց, թե՞ արյունարբու թշնամու:

- Միանշանակ է փաստը, որ Ադրբեջանում ամենափոքր տարիքից երեխաների մեջ հայատյացություն ու հակահայկական տրամադրություններ են ներարկում: Ցանկացած ադրբեջանցի իր պարտքն է համարում լինել հակահայ: Այնպես որ, մենք չենք կարող գործ ունենալ կիրթ մարդու հետ, որովհետև այդ «կիրթ» մարդն արդեն մեկ տասնամյակ շարունակ հայատյացություն է քարոզում:

Վրույր Սևակ 

--0--ԿԿ