Ով էլ գա իշխանության, բանակն իր գործն անելու է. Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News  

Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի օր է հետևում եմ հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձությունների շուրջ նախկինների և ներկաների միջև քննարկումներին։

Ազնիվ չէ, հարգելի՛ ՆԱԽԿԻՆ իշխանավորներ, այս իրադրությունում նախանձի զգացողությունից դրդված վիճարկել, թե ումն է հաղթանակը՝ բանակինը, թե Նիկոլ Փաշինյանինը։ Բանակը պետության պաշտպանն է, պետությունը՝ բանակի թիկունքը։

Ազնիվ չէ, հարգելի՛ ՆԵՐԿԱ իշխանավորներ, համեմատել 2020 թվականը 2016-ի հետ և խոսել այն մասին, որ մենք չորս տարի առաջ պարտություն ենք կրել և դրանից ոգևորված է Ադրբեջանը հարձակվել հիմա։ Ատելության զգացողությունից դրդված չհամարձակվեք մեր զոհված 75 տղաների գործը նսեմացնել ձեր քաղաքական խնդիրը լուծելու համար։

Լավ հիշեք, ով էլ գա իշխանության, բանակն իր գործն անելու է։ Որովհետև բանակը մեկ մարդու ձեռքբերում չէ, որ գա գնա, հետն էլ բերի ու տանի։

Բանակը կառուցում են բոլորը՝ յուրաքանչյուրն իր ներդրումով։

Համեստ պահեք ձեզ»։