Ես պատրաստ եմ ծնկի իջնել և խնդրել յուրաքանչյուրին. Կադիրովը՝ հայ-ադրբեջանական բախման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 18, 24News

կադիրով
Grozny.tv-ն հայտնում է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը թելեգրամյան ալիքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«Չեչեն ժողովուրդը, ինչպես ոչ ոք, լավ գիտի խաղաղության գինը, ինչպես նաև վիշտը, որ բերում է պատերազմը: Մենք մեր փորձով գիտենք, որ ավելի լավ է կանխել պատերազմը և անել հնարավորը բարդ հարցերի խաղաղ լուծման համար»,- գրել է Չեչնիայի ղեկավարը և ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը Չեչնիայի համար եղբայրական պետություններ են, և որ ողբերգական իրադարձությունները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, դրանք ցավոտ են ամբողջ Կովկասի և ԱՊՀ պետությունների համար:

Կադիրովը նաև կոչ է արել համկամարտող կողմերին և դաշնակից պետությունների ղեկավարներին քայլեր ձեռնարկել կոնֆլիկտը դադարեցնելու համար:

«Պետք է անել հնարավորը, որպեսզի հակամարտող կողմերը միմյանց ձեռք մեկնեն և խաղաղության հասնեն: Հակառակ դեպքում, եթե Աստված մի՛ արասցե, այս դիմակայությունը վերաճի լայնամասշտաբ պատերազմի, ապա արդյունքը հղի է ողբերգական հետևանքներով ոչ միայն ողջ Կովկասի համար»,- գրել է Կադիրովը, ապա հիշեցրել ԼՂ-ում մեծ թվով մարդկանց կյանքեր խլած պատերազմի մասին: 

«Լավագույն պատերազմն այն է, որի ժամանակ ոչ մի զինվոր չի զոհվում և ոչ մի կրակոց չի արձակվում: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրված կոնֆլիկտի մասնակիցները պետք է իմանան, որ եթե արագորեն վճռական քայլեր չձեռնարկվեն, ապա իրավիճակը կարող է վերաճել մեծ պատերազմի՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով... Սակայն հաղթողներ չեն լինի»,- հավելել է Կադիրովը և կոչ է արել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՊՀ ղեկավարներին անհապաղ միջամտել խնդրի լուծմանը:

«Ես պատրաստ եմ ծնկի իջնել և խնդրել յուրաքանչյուրին: Այո՛, ես պատրաստ եմ, եթե պետք է, զենք վերցնել և կռվել հանուն արդարության, խաղաղության: Սակայն ավելի խելամիտ կլինի, եթե մենք նստենք բանակցային սեղանի շուրջ և թույլ չտանք լայնամասշտաբ ողբերգություն»,- ասել է Կադիրովը:

 

--00—ԱԹ