ՄԹ-ն ընդգծել է ԼՂ հարցում պաշտոնական բանակցությունների վերսկսման հրատապ անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News  

ՄԹ

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը (ԱԳՆ) կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել հրադադարի խախտումները և երկխոսության մեջ մտնել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԹ արտաքին գործերի նախարարության խոսնակը մասնավորապես  ասել է․ «Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ և ցավում է մարդկային կորուստների համար։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին հարգել զինադադարը և երկխոսության մեջ մտնել՝ իրավիճակի դեէսկալացիայի և հետագա կորուստներից խուսափելու նպատակով»:

Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն հորդորել է երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կարող է է՛լ ավելի մեծացնել լարվածությունը։

«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը: Շարունակվող բռնությունը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և բարեկեցությանը և ընդգծում է պաշտոնական բանակցությունների վերսկսման հրատապ անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։   --0—ՄՀ