«Հաղթանակ» զբոսայգում ծառերի սպանդ է իրականացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

հասարակական

Արդեն մի քանի օր է, Shamshyan.com-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, ովքեր հայտնում են, որ Հաղթանակ զբոսայգում՝ «Վենեցիա» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածքում, կատարում են ոչ միայն ապօրինի բետոնապատման աշխատանքներ, այլ նաև կտրել են 10-ից ավելի 10-15 տարեկան ծառեր։

Այսօր՝ հուլիսի 18-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում Հաղթանակ զբոսայգում ծառերը դեռ ԽՍՀՄ տարիներից աչքի լույսի նման պահող և պահպանող Մովսիսյանների ընտանիքի անդամներից Ավետ Մովսիսյանն ասում էր.

«Հաղթանակ զբոսայգու Արևիկ լիճը և հարակից 30 հազար քմ տարածքը Մովսիսյանների գերդաստանով պահում ու պահպանում ենք՝ ծառատունկ, ափամերձ գոտու սալիկների վերանորոգում, լուսավորություն, գիշերային և ցերեկային հսկողություն։ Ափամերձ գոտու մի հատվածի վրա, որը 5 հազար քմ մետր է, 1983 թվականին հոր և հորեղբորս կողմից կառուցվել է 200 քմ շինություն։ 2005 թվականին այն ժամանակ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի պահանջով սեփականության վկայական տրամադրելու պատրվակով մեզ հետ անձամբ կապ հաստատեց քաղաքապետարանը, անձամբ Ե. Զախարյանը, և իր փեսայի՝ Վարդան Ամարյանի անունով ցանկացավ մեր տարածքի 5000 քմ հետնամասում 4 հազար քմ մետր տարածք, որպեսզի իրեն տանք։ Խաբեությամբ Զախարյանը իր փեսայի անունով է արել քաղաքապետարանից մեր վարձակալած տարածքը, այսինքն՝ ընդհանուր հաշվով մոտ 9 հազար քմ տարածք, իսկ 2005, 2006, 2007 թվականներին, որպեսզի վերադարձվի մեզ մեր տարածքը, ոչ մի պահանջի արձագանք չի եղել։

2018 թվականին ես անձամբ գնացել եմ Երվանդ Զախարյանի տուն և ասել եմ, որ վերադարձնի մեզ պատկանող տարածքը, իսկ այն 4 հազար քմ տարածքը պահի իրեն, սակայն հրաժարվել է՝ ասելով, որ ինքը էդտեղ ոչինչ էլ ունի։ Ասել է՝ մարդ կուղարկեմ, որ գա ու պարզեք էդ հարցը։ Ոչ մի մարդ էլ չի եկել, և 1 ամիս չանցած՝ Վարդան Ամարյանն իր աներոջ ցուցումով հրաժարվում է էդ տարածքից ու այն հանձնվում է այլ մարդկանց՝ Ասատուր և Ատոմ Սահակյաններին։ Վերջիններս էլ, իրենց հերթին, իմանալով, էդ հարցով մենք զբաղվում ենք, տարածքը վաճառում են թե նվիրատվություն են անում, չգիտեմ, Խաչատուր Սուքիասյանի փոքր եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին։ Հիմա այդ տարածքը Ռոբերտ Սուքիասյանի անունով է, դա մենք ճշտել ենք։

Հիմա նա ապօրինի շինարարություն է կատարում այդտեղ. կառույցին ավելացնում է բետոնային ծածկով տաղավարներ, մեծացնում է կառույցը, որի հաշվին էլ կտրվում են ծառերը, որը մենք ենք խնամել ու պահել։ Չկա ոչ մի նախագիծ, շինթույլտվություն, այսինքն՝ այդ ամենը ապօրինի է արվում։ Միայն անցյալ տարի վառվել է 5 հազար քմ անտառածածկ հատվածի 60 տոկոսը, մնացածը մենք փրկել ենք։

Պահանջում ենք, որպեսզի անտառը վերականգնվի, իրական, մաքուր քննություն տարվի, որով կապացուցվի մեր՝ սեփականատեր լինելու իրավունքը»։ 

--0--ԿԿ