Վեճ՝ Առինջում. ըստ ահազանգողների՝ կրակոցներ են հնչել. 2 հոգի հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 20, 24News

կրակ

Հուլիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում վիճաբանություն է: 20 րոպե անց դարձյալ ահազանգ է ստացվել, որ նույն փողոցում կրակոցներ են հնչել: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ հուլիսի 19-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի մի քանի ծակած վերքեր» և «պարանոցի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են. վիրավորներն են Առինջ գյուղի բնակիչ, 20-ամյա Վարդգես Բալյանը և Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վարդան Խաչատրյանը: Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի 44 տան դիմացից:

Կենտրոնի ոստիկանները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Կոտայքի բաժին և կարճ ժամանակ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի և ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց հետ ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Առինջ գյուղի բնակիչը, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, իր մոտ եղած դանակով հարվածել է Վ. Բալյանին և Վ. Խաչատրյանին:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչպես նաև օպերատիվ ճանապարհվ պարզվում է, թե արդյոք վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ: 

--00—ԼՄ