Ուզում է՝ 100 կին բերի ՀՀԿ-ն, ինձ համար նշանակություն չունի. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

ԱԺ արտահերթ ընտրություններին, եթե որևէ մեկը փորձի Նաիրա Զոհրաբյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները դնել այլ անձանց քվեաթերթիկների հետ, 7-8 տարով ազատազրկման կդատապարտվի: 24News-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը զգուշացրել է այդ մասին՝ շեշտելով, որ չի լռի՝ տեղեկանալով որևէ խախտման մասին:

Ինչ վերաբերում է փաստին, որ բացի Նաիրա Զոհրաբյանից, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են ՀՀԿ-ական պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Շուշան Պետրոսյանը և Արփինե Հովհաննիսյանը, արդյո՞ք բարդ է համարում մրցակցությունը, Զոհրաբյանը նշել է.

«Ուզում է՝ 100 կին, 200 կին բերեն, ես ՀՀԿ-ի հետ մրցելու, երկխոսելու, նրանց դեմ պայքարելու մոտիվացիա չունեմ: Ինձ համար նշանակություն չունի, թե ՀՀԿ-ն քանի կին է կենտրոնացնում Սյունիքում և Վայոց ձորում»:

Զոհրաբյանը շեշտել է՝ իր երկխոսությունը լինելու է միայն սյունեցիների և վայոցձորցիների հետ: