Երևանում ապամոնտաժվել են օրենքի խախտմամբ տեղադրված կրպակները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

կրպակ

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ մայրաքաղաքում ապօրինի տեղադրված կրպակներ են ապամոնտաժվել:

«2017 թվականի հուլիսին Երևանում՝ Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում բացվեց առաջին գրատնակը։ Հետագայում Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում տեղադրվեցին ևս 4 գրատնակներ։ Այն ժամանակ հայտարարվում էր, որ գիրք-տնակներում կվաճառվեն միայն գրքեր և թանգարանների ու թատրոնների տոմսեր։

Սակայն կարճ ժամանակ անց գրատնակները դադարեցին ծառայել իրենց նպատակին։ Օրինակ, Աբովյան փողոցի վրա գտնվող կրպակում հայտնվեցին բջջային հեռախոսներ։

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համատեղ ջանքերով բոլոր կրպակներն ապամոնտաժվել են։

Բացի այդ, ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգում ապօրինի տեղադրված տաղավարն, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանում՝ մայթին տեղադրված ապօրինի կրպակը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

--00--ԱԹ