Հայաստանը բնութագրվում է որպես «արագ թափով դեպի ավելի մեծ թափանցիկության» ընթացող երկիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

հայաստան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Միջազգային խորհուրդը Հայաստանին շնորհել է բավարարող առաջընթաց (satisfactory progress) ունեցող երկրի կարգավիճակ, որն ամենաբարձր գնահատականն է:

2020թ. հուլիսի 9-ի դրությամբ Հայաստանն ԱՃԹՆ-ի 53 անդամ երկրներից այն 9-ի թվում է, որոնց շնորհվել է այդ կարգավիճակը, ընդ որում, սա մեր առաջին գնահատումն է և միանգամից ամենաբարձր արդյունքն ունենք:

Խորհուրդն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ կառավարությանը և Բազմաշահառու խմբին՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման գործում օրինակելի առաջընթացի և ազգային կարևորության խնդիրները քննարկելու, ԱՃԹՆ-ի շրջանակը ընդլայնելու ուղղությամբ իրականացրած ջանքերի համար: ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության հրապարակած հաղորդագրության մեջ Հայաստանը բնութագրվում է որպես «արագ թափով դեպի ավելի մեծ թափանցիկության» ընթացող երկիր:

Նշեմ, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ հանձնառու է ներդնելու ԱՃԹՆ-ի ստանդարտով պահանջվող լավ կառավարման սկզբունքները, որոնք առանցքային նշանակություն ունեն հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումների համար։ Այդ առումով, Բազմաշահառու խումբն աշխատանք կտանի պահպանելու արդեն գրացված արդյունքները, միաժամանակ կենտրոնանալով ԱՃԹՆ-ի ազդեցության աճի, կանոնավոր բացահայտումների համակարգի զարգացման և հանրային նշանակության խնդիրներն օրակարգում ներառելու համար»:

--00--ԱԹ