Ի՞նչ կորուստներ ունի ադրբեջանական բանակը հուլիսյան բախումների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News    

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը լարվեց, երբ ադրբեջանական զինծառայողները «ՈւԱԶ» մեքենայով պետական սահմանը խախտելու փորձեր կատարեցին: Այս ամենից հետո հակառակորդը սկսեց հրետակոծել հայկական բնակավայրերը, ինչին հայկական կողմը տալիս էր համարժեք պատասխան։ Այդ օրերին Ադրբեջանական զինված ուժերը կիրառեցին երրորդ բանակային կորպուսի իրենց սպառազինությունում եղած գրեթե ողջ զինանոցը։

Հայկական զինված ուժերը հասսցրել են ոչնչացնել Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։ 

Հուլիսի 14-ին Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։ Ինչից հետո՝ հուլիսի 15-ին, հայտնի դարձավ, որ հայկական կողմը խոցել է նաև ադրբեջանական մոտ 30 մլն դոլար արժողությամբ «Elbit Hermes 900» մոդելի իսրայելական մարտավարական խոշոր անօդաչու թռչող սարքը, ինչն, ըստ փորձագետների, աննախադեպ էր։

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են նաև հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել էին միջդիրքային տարածքում։

Հուլիսի 16-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, հայկական կողմից խոցվել էին հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային են, 3-ը՝ հետախուզական:

Հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված գործողությունների ընթացքում խոցվել է հակառակորդի 3 տանկ՝ հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Մարտերից հետո ադրբեջանական կողմը սկսել էր տեղափոխել իր խոցված զրահատեխնիկան։ 

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ «Elbit Hermes 900»-ը բավականին թանկ և լուրջ սպառազինություն է, որը հնարավոր էր դարձել խոցել ադրբեջանական օպերատորի սխալի պատճառով։ 24News-ի հետ զրույցում ռազմական փորձագետը նշեց, որ այն, ինչ կատարվեց, Ադրբեջանի համար շատ ցավոտ էր, ինչպես նաև սա հարված էր Իլհամ Ալիևի հեղինակությանը։ 

Վերջին օրերին ընդհանուր առմամբ շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդի կողմից հրահրված սահմանային գործողություններին հայկական զինված ուժերը մշտապես տվել են համարժեք պատասխաններ։ ՀՀ ԶՈւ-ն վերահսկում է սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով։  Ներկայումս հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորրը պահպանվում է։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ