Թուրք լրագրողն առանձնացրել է Էրդողանի նոր կառավարության չիրականացրած խոստումները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Թուրքիայի կառավարությունը չի կարողացել իրականացնել մի շարք կետեր, որոնք տեղ էին գտել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կաբինետի 1-ին «100-օրյա գործողությունների ծրագրում»:

Թուրքական «Sozcu» թերթի հոդվածագիր Իսմաիլ Շահինը, հիշեցնելով, որ օգոստոսի 3-ին ներկայացված ծրագրի 100 օրը լրացել է նոյեմբերի 10-ին, առանձնացրել է անձամբ Էրդողանի կողմից ներկայացված ծրագրի չկատարված դրույթները:

Դրանք ներկայացնում ենք ստորև.

Քանդված «Աթաթուրքի անվան մշակույթի կենտրոնի» կառուցման համար հայտարարված մրցույթը չի ավարտվել:

Չի հայտարարվել մրցույթ «Կանալ Ստամբուլ»-ի և Ստամբուլի եռահարկ մեծ թունելի կառուցման համար:

Չի կատարվել այն օրենսդրական փոփոխությունները, որոնք պետք է թույլ տային շարքային զինվորների և սերժանտական կազմի ընտանիքներին օգտվել առողջապահական արտոնություններից:

Արդար հիմքերի վրա չի դրվել ալիմենտային վճարի համակարգը:

Կենդանիներին սատկացնելու կամ դրանց նկատմամբ իրականացվող տարատեսակ ոտնձգությունների համար պատիժներ սահմանող օրենքի փաթեթը չի ընդունվել:

Չեն ավելացել սոցիալական վճարներ ստացողների նպաստները:

Չի հիմնվել անշարժ գույքի բանկը:

Չի հիմնվել անշարժ գույքի գնահատման համակարգը:

Չի հիմնվել Թուրքիայի տիեզերական ընկերությունը:

Չեն կառուցվել 6 կմ հեծանվուղին ու կանաչապատ քայլուղին:

Նշվում է, որ առաջիկա օրերին հայտարարվելու է կառավարության 2-րդ հարյուրօրյա ծրագիրը: