Ի՞նչ է նշանակում ինքնամեկուսանալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News 

ինքնամեկուսացում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անդրադարձել է «ինքնամեկուսացման» պայմաններին: Ինքնամեկուսացումը կարևոր միջոց է Covid-19 ախտանիշներ ունեցողների համար, ինչը թույլ է տալիս խուսափել այլոց, այդ թվում՝ ընտանիքի անդամներին վարակելուց:

Ինքնամեկուսացում է համարվում, երբ ջերմելու, հազալու կամ Covid-19-ին բնորոշ այլ ախտանիշներ ունենալու պատճառով անձը մնում է տանը և չի գնում աշխատանքի կամ այլ հանրային վայրեր: Դա կարող է լինել ինքնակամ կամ բուժաշխատողի խորհրդով:

Բուժհաստատություն այցելելիս դիմակ դրեք, պահպանեք առնվազն 1 մետր հեռավորություն մյուսներից և ձեռք մի տվեք մակերեսների: Եթե ախտանիշներ ունեցող անձը երեխա է, ապա օգնեք նրան հետևել այս խորհուրդներին:

Եթե անձը ինքնամեկուսացած է, սակայն նրա համար բժշկական խնամք չի պահանջվում, ապա պատրաստեք ընդարձակ և օդափոխված սենյակ՝ ձեռքերի ախտահանման պարագաներով և սանիտարահիգիենիկ պայմաններով:

Եթե դա ապահովել հնարավոր չէ, տեղադրեք մահճակալները առնվազն 1 մետր հեռավորության վրա:

Առնվազն 1 մետր հեռու մնացեք մյուսներից, նույնիսկ ընտանիքի անդամներից:

Ամեն օր հետևեք ձեր ախտանիշներին:

Ինքնամեկուսացեք 14 օր, նույնիսկ եթե ձեզ առողջ եք զգում:

Եթե նկատում եք շնչարգելություն, անմիջապես կապ հաստատեք տարածքային բուժհաստատության հետ: Զանգահարեք առաջին իսկ հնարավորության դեպքում:

Պահպանեք լավատեսություն և առույգություն՝ կապի մեջ (հեռախոսով կամ առցանց) լինելով սիրելիների հետ, կատարեք տնային ֆիզիկական վարժություններ:

--00--ԱԹ