Դադարեցրե՛ք բաց տարածքներում դիմակ կրելու ֆարսը. ուզում եք՝ մարդիկ փողոցներում ուշաթափվե՞ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

թեհմինա

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով բաց տարածքներում դիմակ կրելու՝ պարետատան սահմանափակմանը։

Ըստ նրա՝ բաց տարածքներում դիմակ կրելու աբսուրդը գնալով խորանում է և շատ քաղաքացիների մոտ խորացնում լրջագույն առողջական խնդիրներ։ Գրառումը՝ ստորև․

«Բաց տարածքներում դիմակ կրելու աբսուրդը գնալով խորանում է և իր հետ խորացնում շատ և շատ քաղաքացիների մոտ լրջագույն առողջական խնդիրներ։ Եթե որոշ սուբեկտների կարծիքով դիմակ չկրողը հանցագործ է, իմ կարծիքով, բաց տարածքներում դիմակ պարտադրողները շատ ավելի լուրջ վնաս են հասցնում քաղաքացիների կյանքին: Եվ, երեկ, երբ ջերմաստիճանը 40-42 էր, ոստիկանները հրահանգավորված ռեյդեր էին իրականացնում` շատ լավ հասկանալով, որ բազմաթիվ քաղաքացիներ երբեմն իջեցնում են դիմակներ` շնչահեղձ լինելուց խուսափելու համար: Սա արդեն կարելի է բնութագրել որպես, ինչո՞ւ՝ ոչ, թշնամական մոտեցում: Ի՞նչ եք ուզում: Ուզում եք՝ մարդիկ փողոցներում ուշաթափվե՞ն:

Ավելի քան երկու ամիս է, ինչ ամենուր պարտադիր է դիմակ կրելը, բայց, արի ու տես, թվերը չեն նվազում: Վստահեցնում եմ, որ շուրջ 1-2%-ն է, որ բաց տարածքներում դիմակ չի կրում: Չե՞ք հասկանում, որ պայքարի միջոցը, որն ընտրվել է, ավելի շատ բացասական հետևանքներ ունի, քան դրական: Էլ չեմ խոսում բազմաթիվ իշխանական պատգամավորների մասին, ովքեր օրենքի ջատագով են և, դիմակի կոչը շուրթերին, տասնյակներով վարակվեցին: Չէ, չեմ ուզում մտածել, որ օրենք չխախտելու կոչով կուրծք ծեծողներն օրինազանց են:

Դադարեցրե´ք բաց տարածքներում դիմակ կրելու ֆարսը: Խոսե´ք և կարծիք հարցրե´ք հարյուրավոր բժիշկերից: Սա շատ խորքային էֆֆեկտ է տալու:

Հ. Գ. Եթե միտում կա մարդկանց զուտ տուգանելու, առաջարկում եմ, ինչպես Չիպոլինո մուլտֆիլմում է, տուգանք մտցնել օդ շնչելու և տեղումների համար»:

--00—ԼՄ