Արմեն Սարգսյանը կոչ է արել մասնակցել «Սահմանային համայնքների հզորացում» դրամահավաքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News 

հասարակական

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է անում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված բոլոր պետական այրերին, հոգևոր առաջնորդներին, սփյուռքում գործող կուսակցություններին և կազմակերպություններին, անհատներին իրենց ողջ ներուժն ուղղել Հիմնադրամի «Սահմանային համայնքների հզորացում» համահայկական դրամահավաք-արշավին: Այս մասին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

Դրամահավաքի շրջանակներում հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է սահմանային համայնքների ամենահրատապ անհրաժեշտություն ունեցող սոցիալ-տնտեսական խնդիրներին։

Ներկայացնում ենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կոչը․

«Սիրելի հայրենակիցներ,

Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները կրկին անգամ մեզ մղում են Հայրենիքի շուրջ համախմբվելուն և մեր ջանքերը նրա պաշտպանությանն ու հզորացմանն ուղղելուն։

Չնայած տասնամյակներ շարունակ լինելով ագրեսիվ գործողությունների թիրախում՝ Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչները ամուր կանգնած են իրենց հողին և դարձել են մեր անսասան սահմանապահները։

Սահմանամերձ համայնքները Հայաստանի և Արցախի անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեն, ուստի այդ համայնքներին անվտանգային, տնտեսական և սոցիալական աջակցությունը համազգային առաջնահերթություն է։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Սահմանային համայնքների հզորացում» համահայկական դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է սահմանային համայնքների ամենահրատապ անհրաժեշտություն ունեցող սոցիալ-տնտեսական խնդիրներին։

Կոչ եմ անում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված բոլոր պետական այրերին, հոգևոր առաջնորդներին, սփյուռքում գործող կուսակցություններին և կազմակերպություններին, անհատներին իրենց ողջ ներուժն ուղղել այս դրամահավաքին՝ օգտագործելով Հիմնադրամի խողովակները և դրամական փոխանցումներն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի www.himnadram.org կայքում հատուկ այս նախաձեռնության համար ստեղծված առցանց հարթակի կամ բանկային հաշվեհամարների միջոցով, ինչպես նաև սփյուռքի համայնքներում կապվել Հիմնադրամի տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հավաքագրված միջոցները նաև այդ խողովակներով Հիմնադրամին փոխանցելու նպատակով։

Հայրենիքը սկսվում է սահմանապահ համայնքներից։ Հիմնադրամը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում սահմանային բնակավայրերի հզորացումը՝ բազմաթիվ ենթակառուցվածքների վերականգնման ու զարգացման, նորարարական գյուղատնտեսական նախագծերի ներդրման, աջակցման ծրագրեր իրականացնելով այս համայնքներում։ Այսօր սահմանամերձ համայնքների բնակիչները մեր, որպես միասնական համահայկական ընտանիքի, աջակցության կարիքն ունեն։

Համախումբ ջանքերով ամրացնենք ու հզորացնենք մեր սահմանային համայնքները»։

--0--ԿԿ