Շաքարային դիաբետ ունեցողների թիվն աճել է․ 35-68 տ․-ի հետազոտությունն անվճար է․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Շաքարային դիաբետն իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին: 

Հայաստանում չափահաս բնակչության շրջանում շաքարային դիաբետի դեպքերի քանակը վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է, որով պայմանավորված է այդ հիվանդություններից մահացության և հիվանդացության ցուցանիշների կայուն և ամենամյա աճը: Համաձայն վիճակագրական տվյալների` շաքարային դիաբետով հիվանդ է 67724 մարդ, որը 1990 թվականի տվյալների համեմատ աճել է մոտ 2 անդամ (35500 դեպք): Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Յուրաքանրյուր տարի արձանագրվում է հիվանդացության ավելի քան 8500 նոր դեպք: Դեպքերի 82%-ը գրանցվել է 2–րդ տիպի շաքարային դիաբետից, որը կարելի է կանխարգելել:

Հիվանդության վաղ հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ ներկայումս պետության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: 2015 թվականի հունվարից «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվում է ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, շաքարային դիաբետի կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված անվճար սքրինինգ: Ծրագրի շրջանակում 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա և անցնել շաքարային դիաբետի անվճար հետազոտություններ: