Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱԷԿ-ին հարվածելու՝ Ադրբեջանի սպառնալիքը. Փայլանը՝ Չավուշօղլուին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

չավուշ

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված հարցադիմում է ներկայացրել խորհրդարան։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Հարցադիմումի մեջ Փայլանը, մեջբերելով հայ-ադրբեջանական լարվածության օրերին Չավուշօղլուի՝ Ադրբեջանին բոլոր հնարավորություններով աջակցելու պատրաստակամության մասին հայտարարությունը, հիշեցրել է, որ Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, ինչից ելնելով՝ պետք է չեզոքություն պահպանի։ Փայլանը նշել է, որ չեզոքություն պահպանելու փոխարեն ցեղային պատճառներից ելնելով, Ադրբեջանին բացահայտ աջակցող հայտարարություններն ավելի են մեծացնում լարվածությունը։

Աղբյուրը հրապարակել է նաև Փայլանի հարցերը՝ ուղղված Թուրքիայի գլխավոր դիվանագետին.

  • Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած հակամարտության մեջ ցեղայի՞ն պատճառներով է, որ կողմնակալություն եք ցուցաբերում։
  • Դեռևս չե՞ք հասկացել, որ ռասիստական արտաքին քաղաքականությունը «կրակի վրա յուղ լցնել» է նշանակում և միայն մեծացնում է հարցերը:
  • Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը ցանկանում է ավելի շատ զենք վաճառել Ադրբեջանին։ Լարվածությունն այս պատճառո՞վ է, որ սաստկացնում եք։
  • Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկելու ուղղությամբ:
  • Թուրքիան, եթե ցեղային պետություն չէ, ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը վարում ցեղապաշտական նկրտումներով։
  • Երբեմն հիշո՞ւմ եք արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եք, որը հիմնադրվել է Հայաստան-Ադրբեջան լարվածությունը նվազեցնելու նպատակով։
  • Դեռ չե՞ք հասկացել, որ Կովկասի ապակայունացումը ձեռնտու է միայն Ռուսաստանին։
  • Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն սպառնալիքը, ըստ որի՝ նրանք պատրաստ են հարվածելու Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող ատոմակայանին։ --00—ԼՄ