ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կմնա կալանավորված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

հասարակական

ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, մերժել է Վանիկ Ասատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանի վերաքննիչ բողոքը։ Տեղեկատվությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց պաշտպան Էմին Բեգլարյանը՝ նշելով, որ դատարանի որոշումը դեռևս չի ստացել։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ 2017թ ընտրությունների ընթացքում ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Դատարանի որոշման դեմ պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով թե՛ հիմնավոր կասկածի առկայությունը, թե՛ կալանավորման հիմքերը։

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար, նույն հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին։

--0--ԿԿ