Բաշինջաղյանի «Աշուն» կտավը նվիրաբերվեց Հայաստանի ազգային պատկերասրահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարների հավաքածուն համալրվեց հայ գեղանկարիչ Գևորգ  Բաշինջաղյանի «Աշուն» կտավով։ 1910 թվականի գեղանկարն իր ընտանեկան հավաքածուից ազգային պատկերասրահին նվիրաբերեց Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը, որն այն ժառանգել է իր պապից՝ հայտնի գիտնական, ակադեմիկոս  Բորիս Ավագյանից։ Արթիկի փոխքաղաքապետի խոսքով՝ Ազգային պատկերասրահն ամենաճիշտ վայրն է, որտեղ պետք է լինի կտավը․

«Այն կտավները, որոնք ստացել ենք մեր նախնիներից, պետք է փոխանցենք ազգային պատկերասրահին, որովհետև դրանք այն գանձերն են, որոնցով պետք է հպարտանալ և որոնց պետք է ծանոթանան հաջորդ սերունդները։ Սա ամենաճիշտ վայրն է, որտեղ պետք է լինի կտավը, ես իմ կողմից հորդորում եմ՝ ովքեր ունեն այսպիսի կտավներ, փոխանցեն պատկերասրահին», - ասաց Բորիս Ավագյանը։ 

«Նվիրատվության գործոնը թանգարանի համալրման համար շատ կարևոր նշանակություն ունի և կարող է բարի ավանդույթի վերածվել»,- նշեց Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը՝ պատկերասրահի կողմից շնորհակալագիր հանձնելով Ավագյանների ընտանիքին:

Կտավի նվիրաբերման միջոցառմանը ներկա էր նաև Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարի խոսքով՝ այս քայլը կարող է խթանիչ լինել, որպեսզի մյուսները ևս նվիրաբերեն արժեքավոր գործերը։

«Կուզեի, որ շատ կարճ ժամանակում այս նվիրաբերումից հետո հնարավորություն լինի բացելու պատկերասրահի դռները, որն ամիսներ շարունակ փակ է եղել կորոնավիրուսի պատճառով, բացվելուց հետո պատկերասրահն առաջինն այս կտավը կցուցադրի», - ասաց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով Ավագյաններին։ 

Ազգային պատկերասրահին կտավի նվիրաբերումը կարևոր համարեց նաև ներկաներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը։  Նա նշեց, որ հայ արվեստագետների ստեղծած արժեքները պատկանում են բոլորին և պետք է ապահովվի դրանք ճանաչելի դարձնելու հնարավորությունը։ 

Հայ գեղանկարչի կտավի ցուցադրությունը կկազմակերպվի առաջիկայում՝ Ազգային պատկերասրահի դռները բացվելուն պես։ Ներկաները հույս հայտնեցին, որ Բաշինջաղյանի նկարի ցուցադրությունը կգրավի բազմաթիվ քաղաքացիների ուշադրությունը։

--0--ԿԿ