Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին չեն հրավիրել Սուրբ Սոֆիայի տաճարում անցկացվելիք նամազին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

Ստամբուլ

Ստամբուլում գտնվող հանրահռչակ բյուզանդական Սբ. Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածվելուց հետո, Թուրքիայի իշխանությունները հուլիսի 24-ին այնտեղ անցկացնելու են առաջին համընդհանուր ուրբաթօրյա նամազը (մուսուլմանական աղոթք)։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Թեմայի շուրջ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հարցազրույց է ունեցել լրագրողների հետ։

Լրագրողներից մեկի՝ «Այա Սոֆիայի մզկիթում առաջին համընդհանուր ուրբաթօրյա աղոթքին մասնակցելու հրավեր ստացե՞լ եք Կրոնական գործերի վարչությունից» հարցին ի պատասխան, Իմամօղլուն հայտնել է, որ հրավեր չի ստացել։

Ընդդիմադիր գործիչը նաև նշել է, որ իր պաշտոնավարումից սկսած (2019թ․) նախարարությունների կամ պետական ցանկացած հաստատության կողմից Ստամբուլում կազմակերպված որևէ բացման արարողության կամ միջոցառման մասնակցելու հրավեր Անկարայից չի ստացել։ 

Նշենք, որ Էքրեմ Իմամօղլուն, ով 2019թ. ընտրություններում հաղթելով իշխող կուսակցության թեկնածուին, դարձել է Ստամբուլի քաղաքապետ, իր նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս խոսել է Ստամբուլում ապրող ազգային փորքամասնությունների խնդիրների մասին և հայտնել է, ինքը լինելու է «Ստամբուլի ազգային փոքրամասնությունների քաղաքապետ»:

--00--ԱԹ