Ձեր քվեները տեղ կհասնեն, չեն գողացվի. ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք ընտրությունները կարող են լավագույնը լինել ոչ միայն ՀՀ-ում, այլև ամբողջ աշխարհում։ Այդ մասին կառավարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց մեր երկրում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Մի՛ վաճառեք ձեր ձայները, կաշառք մի՛ վերցրեք, և ձեր քվեները տեղ կհասնեն, չեն գողացվի։ Թող այս ընտրությունները դառնան լավագույնը Հայաստանում, դուք կարող եք դա անել ու հպարտ լինել դրա համար»,- ասաց Սվիտալսկին։

Այսօր պաշտոնապես մեկնարկեց նաև «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը։ Այն իրականացնում են ՀՀ կառավարության, Եվրոպական միության (ԵՄ), Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի կառավարությունները և ՄԱԶԾ-ն։

«Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը միտված է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ անցկացնել վստահելի և թափանցիկ արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները։