Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործով ակնհայտ անօրինականությունները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News 

հասարակական

Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«2020 թվականի հունիսի 22-ին ՀՀ ԱԱԾ քննիչը Գագիկ և Կարեն Խաչատրյաններին, ինչպես նաև նրանց պաշտպաններին հայտարարել է քրեական գործի նախաքննությունն ավարտելու վերաբերյալ և քրեական գործի նյութերի պատճենները տրամադրել է ծանոթացման համար: Մեղադրանքի կողմն օրենքով սահմանված կարգով պարտավոր է պաշտպանության կողմին բավարար հնարավորություններ և ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանանք լիարժեք ծանոթանալ դրանց և առկայության դեպքում նոր միջնորդություններ ներկայացնենք: Հենց այդ տրամաբանությամբ էլ պաշտպանության կողմը միջնորդել է քրեական գործի յուրաքանչյուր հատորին ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու համար տրամադրել 2 օր ողջամիտ ժամանակ:

Վարույթն իրականացնող մարմինն իր որոշմամբ անհիմն և անօրինական կարգով սահմանափակել է քրեական գործի նյութերին ծանոթանալու մեր իրավունքը և 37 հատոր քրեական գործին ծանոթանալու և դրանց հիման վրա միջնորդություններ ներկայացնելու համար տրամադրել է ընդամենը 15 օր ժամանակ՝ վստահ լինելով, որ այդ ժամանակը չի կարող բավարար լինել, առավել ևս, որ դրանց իրենց պաշտպանների հետ միասին պետք է ծանոթանան նաև քրեակատարողական հիմնարկներում գտնվող Կարեն և Գագիկ Խաչատրյանները, որոնցից վերջինը նաև վատառողջ է և մշտական ցավեր ունի, որպիսի հանգամանքներն էլ ավելի են խոչընդոտում այդ սուղ ժամկետում գործի նյութերին լիարժեք ծանոթանալուն:

Այս կերպ մեղադրանքի կողմը խախտում է Գագիկ և Կարեն Խաչատրյանների պաշտպանության իրավունքը և փորձում է թույլ չտալ, որպեսզի վերջիններս և իրենց պաշտպանները վեր հանեն նրանց թերություններն ու անօրինականությունները և բարձրաձայնեն դրանց վերաբերյալ:

«Կանխազգալով նախաքննական մարմնի նման անօրինական գործելաոճը, մենք՝ Խաչատրյանների պաշտպաններս, դեռևս 2020 թվականի հուլիսի 1-ին և 14-ին նախաքննական մարմնին հիշեցրել էին, որ քրեական գործը դատարան ուղարկելու պարագայում պարտավոր էր այն հաշվարկով նախաքննության ավարտ հայտարարել, որպեսզի պաշտպանության կողմին բավարար ժամանակ տրամադրեն գործի նյութերին ծանոթանալու համար», - նշել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

Չնայած որ 06.07.2020թ. գրությամբ նախաքննական մարմինը հայտնել էր, որ քրեական գործի նախաքննությունն ավարտելիս և քրեական գործի նյութերին ծանոթացնելիս վարույթն իրականացնող մարմինը ղեկավարվելու է բացառապես օրենքի անշեղ պահպանմամբ՝ բավարար ժամանակ տրամադրելով գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն ինչպես տեսնում ենք, այս դեպքում ևս օրենքն ԱԱԾ-ի համար միայն «թղթի» վրա է գործում, իսկ իրականում Խաչատրյանների և նրանց պաշտպանների իրավունքները խախտվում են ամենակոպիտ բոլոր եղանակներով»:

--0--ԿԿ