«Գազպրոմ Արմենիան» չի մեկնաբանում խոշոր չափի հարկեր չվճարելու դեպքերի բացահայտման լուրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

«Գազպրոմ Արմենիան» առայժմ չի մեկնաբանում լուրը, համաձայն որի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ընկերությունում բացահայտել է մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր: Այդ մասին 24News-ին տեղեկացրեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը՝ ընդգծելով, որ առաջիկայում կտարածեն պաշտոնական հաղորդագրություն, որում կարտահայտվի ընկերության դիրքորոշումը տեղի ունեցածի առնչությամբ։

Այսօր ՊԵԿ-ը տարածել է հաղորդագրություն առ այն, որ չարաշահումների և ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված շարունակական գործընթացների շրջանակում ստուգողական միջոցառումներ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում: Բացահայտվել են մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր:

ՊԵԿ քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ «Գազպրոմ Արմենիայի» թույլ տված չարաշահումների հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը հստակեցնելու, ինչպես նաև բնական գազի սպառման ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու ուղղությամբ: