Բաքուն չի հրաժարվել իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունից. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ մասնակցել է Պաշտպանության բանակի հրամանատարական հավաքների ամփոփիչ խորհրդակցությանը: Նա, մասնավորապես, գրել է.

«Բարձրաստիճան սպայական անձնակազմին ուղղված իմ ելույթից կցանկանայի առանձնացնել մի քանի շեշտադրումներ.

Պաշտոնական Բաքուն չի հրաժարվել իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունից: Հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում հրահրված բախումները, ապա Թուրքիայի ագրեսիվ ու բացահայտ ներգրավումը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ ռազմատենչ գործողություններում մեկ անգամ ևս հաստատում են այն իրողությունը, որ բանակաշինության ոլորտը եղել և մնում է մեր պետության կենսագործունեության ամենագերակա ուղղությունը, և մենք պետք է անենք առավելագույնը բանակի զարգացման ու զորացման համար:

Թե՛ արդի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, թե՛ ինժեներական նոր կառուցների ստեղծումը պաշտպանության գոտու ամբողջ խորությամբ, թե՛ սպայական անձնակազմի սոցիալական խնդիրների լուծումը մշտապես կրելու են շարունակական բնույթ՝ գտնվելով Հանրապետության իշխանությունների և ողջ ժողովրդի հատուկ ուշադրության կենտրոնում: Հայ զինվորականը պետք է ապահովված լինի բոլոր անհրաժեշտ պայմաններով թե՛ Հայրենիքի պաշտպանության և թե՛ սեփական ընտանիքի կարիքները հոգալու համար:

Մեր բանակը եղել է, կա և կլինի հզոր ու մարտունակ՝ միշտ պատրաստ պաշտպանելու հայրենի երկրի սահմանները, հարազատ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը: Սա ազգային օրակարգի հարց է, և, համատեղելով համայն հայության ջանքերն ու ներուժը, մենք կանենք առավելագույնը այն հաջողությամբ լուծելու համար»:

--00--ԱԹ