Ադրբեջանում COVID-19-ից սպա է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News 

աշխարհ

Հուլիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի սպա, մայոր Ջաֆարով Թեյմուր Օքթայ օղլուն (Cəfərov Teymur Oktay oğlu)։ Այս մասին տեղեկացնում է  Razm.info կայքը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունիսի վերջին տված իր հարցազրույցում Ադրբեջանի ԶՈւ-ում կորոնավիրուսի տարածման մասին խոսելիս խուսափել էր թվեր ներկայացնելուց, և միայն նշել էր, որ զորակոչի ու զորավարժությունների ժամանակ են վարակի մի քանի դեպքեր գրանցվել։

Իսկ Ադրբեջանի զինված ուժերում նոր տեսակի կորոնավիրուսի հայտնաբերման մասին առաջին հայտարարությունը եղավ մայիսի 15-ին։ Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միության ղեկավար Ռամին Բայրամլուն հայտարարեց, որ մի քանի սպայի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։

Նշենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 44 կորուստ:

--0--ԿԿ