ՌԴ-ում ադրբեջանցիների գործողությունները կազմակերպված էին, նրանց վարձատրում էին. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News

 

վիկտոր
24News.am-ի հարցերին պատասխանում է Վ. Արծրունու անվան Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի ԳԱ Ե. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

 

-Պարո՛ն Նադեին-Ռաևսկի, կա՞ հավանականություն, որ Մոսկվայում հայ-ադրբեջանական բախումները հրահրվում են թուրքական կառույցների կողմից Ռուսաստանում իրավիճակը ապակայունացնելու նպատակով:

-Ապացույցների բացակայության պատճառով ես դա պնդել չեմ կարող, և առաջին հայացքից դրանք թվում են ինքնաբուխ, որպես արձագանք՝ սահմանային բախման ընթացքում ադրբեջանական բանակի կրած լուրջ անհաջողությունների։ Սակայն մտահոգիչն այն է, որ հակահայկան գործողություններում ներքաշված են խոշոր բիզնես կառույցներ, որոնց համար շահույթը «սրբություն» է, իսկ նույն «Ֆուդ սիթիի» տերերը չէին կարող չկանխատեսել իրենց ինչպես ֆինանսական, այդպես էլ բարոյական և վարկանշային կորուստների հավանականությունը։ Այդ դեպքում հարց է ծագում, ի՞նչ ուժեր են փոխհատուցում այդ կորուստները։ Տրամաբանական հետևությունն այն է, որ ադրբեջանական ծագում ունեցող բիզնեսի և փողոցային «հետևակի» գործողությունները կրում էին կազմակերպված բնույթ, ինչն անակնկալ էր ռուսական իշխանությունների և ուժայինների համար։ Սա յուրահատուկ «նորարարություն» էր, ինչով էլ կարելի է բացատրել իշխանությունների սկզբնական իներտ կեցվածքը։ Սակայն պետք է խոստովանել, որ իշխանությունները արագ կողմնորոշվեցին և կոշտ միջոցներով կասեցրին իրադարձությունների անցանկալի զարգացումը։

 -Կարելի՞ է համարել, որ Մոսկվայում ձևավորվել են ազգային-էթնիկական, նույն այդ ադրբեջանցիների անկլավներ (առանձնաթաղեր), որոնց ներկայացուցիչներն «իրենց» տարածքներում թելադրում են իրենց «օրենքները» սեգրեգացիայի որոշակի տարրերով։

-Այո՛, ստեղծված իրավիճակում նման եզրահանգումը լրիվ իրավաչափ է։ Սակայն, պետք է ընդգծել, որ ռուսական ուժային կառույցներն ամենօրյա ռեժիմով պայքարում են նման երևույթների և խմբավորումների դեմ, և դա գաղտնիք չէ։ Վճռականորեն կասեցվում է հատկապես ծայրահեղ իսլամական կառույցների ակտիվությունը։ Հատկապես «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» միջազգային ահաբեկչական կազմակերպության մասին է խոսքը։ Հիշեցնեմ, որ 2019 թվականի մարտին Ղրիմում ձերբակալվեց այս կառույցի 20 անդամ։

Ռուսաստանի հատուկ ծառայությունների թիրախում էր նաև «Թուրքեստանի իսլամական կուսակցությունը» (նախապես անվանվում էր «Ուզբեկստանի իսլամական շարժում»), որը հիմնվել Է 1996 թվականին: Ներկայում այս կազմակերպությունը համարվում է ամենաարմատական խմբավորումներից մեկը Միջին Ասիայում: Կազմակերպությունը հանդես է գալիս հօգուտ Միջին Ասիայում իսլամական պետության ստեղծման։ Նույնը վերաբերում է Գյուլենի «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական-հասարակական շարժմանը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում. դա արդի իսլամի և ժողովրդավարության սինթեզի տեսության կրող շարժում է: Գյուլենական համայնքը հարյուրավոր ընդհատակյա դպրոցներ, նաև թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Ռուսաստանի իսլամական հանրապետություններում։

Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն, սակայն իրականում ծայրահեղական թուրքականության քարոզիչ է:

Ինչ վերաբերվում է ադրբեջանցիներին, ապա 2017 թվականի մայիսին ՌԴ Գերագույն դատարանը բավարարեց ՌԴ արդարադատության նախարարության հայցը, և լուծարվեց «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» ՀԿ-ն, քանի որ վերջինիս կանոնադրությունը հակասում էր ՌԴ օրենսդրությանը։

-Կարելի՞ է համարել, որ ադրբեջանական վերջին սահմանային սադրանքը Էրդողանի նեոօսմանյան ծրագրի տարրերից է։

-Կարծում եմ, որ հաճախ խառնում են նեոօսմանյան և պանթուրքական ծրագրերը։

Նեոօսմանյան նախագծի տարրեր կարելի է համարել թուրքերի զավթողական ծրագրերը՝ կապված նախկին Օսմանյան կայսրության տարածքների հետ։ Դրանք մասնավորապես արաբական երկրներն են՝ Սիրիան, Իրաքը, Լիբիան։ Թուրքերին թվում է, թե արաբները մոռացել են, որ արաբական Հարավարևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում (Եգիպտոսի էյալեթ, Սիրիայի էյալեթ, Լիբանանի էմիրություն, Իրաք, Բաղդադի և Բասրայի վիլայեթները, Մաղրիբի էյալեթ, Հիջազ և Եմեն) 16-րդ դարում հաստատված օսմանյան գերիշխանությունը տևել է 3-4 դար իր բոլոր դաժան դրսևորումներով։ Էրդողանը, կարծեմ եգիպտացիներին, ասել էր. «Մենք ձեզ պաշտպանել ենք»։ Սա նշանակում է բնավ չհասկանալ արաբների մենթալիտետը։ Մերձավոր Արևելքում արաբական ապստամբությունները հաճախակի էին և հանգեցրին արաբական ինքնիշխան պետությունների ձևավորմանը։

Պանթուրքական նախագծի թիրախը թյուրքալեզու ժողովուրդների բնակության արեալն է, նպատակը՝ «Մեծ Թուրան» թյուրքական պետական գերմիավորման ստեղծման ֆանտաստիկ ծրագիրը։ Բնականաբար, Հայաստանը և Արցախը այդ նախագծի «կոկորդին կանգնած ոսկոր են»։ Վերջին շրջանում մեծ ազդեցություն է ձեռք բերել թուրքական «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունը, որն այս պահին Էրդողանի հետ կառավարական կոալիցիայում է, և վերջինիս դրդում է զավթողական արտաքին քաղաքականության և ազգային փոքրամասնությունների, հատկապես քրդերի հանդեպ դաժան բռնաճնշումների։ Ազգայնականները Էրդողանից պահանջում են վերանայել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները և կոշտ դիրքոշում որդեգրել, հատկապես Սիրիայի հարցում։

-Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս իրեն կպահի Ռուսաստանը Հայաստանի վրա՝ Թուրքիայի հիպոթետիկ հարձակման դեպքում։

-Հայաստանի վրա Թուրքիայի հարձակումը կդիտարկվի որպես Ռուսաստանի վրա հարձակում, ինչը նախատեսված է միջպետական դաշնային պայմանագրով, ինչը կարևորագույն միջազգային-իրավական փաստաթուղթ է, և այդ մասին գիտեն Հայաստանում։

Բնականաբար, Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Թուրքիայի վրա, սակայն Հայաստանի վրա հարձակման դեպքում հանդես կգա վերջինիս կողմում։ Դա, ի դեպ, չի նշանակում ՆԱՏՕ-ի երկրի տարածքի վրա հարձակում։ Սա իր հերթին բացառում է այդ ռազմական բլոկի միջամտությունը։ Ընդգծում եմ, որ Հայաստանը ամբողջությամբ վճարում է Գյումրիում և Երևանում տեղակայված ռուսական զորամիավորումների պահպանման ծախսերը, ինչը միջազգային պրակտիկայում հազվադեպ է։

-Ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ արձագանքը տավուշյան ռազմական բախմանը։

-Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ ամդամներ են Ղազախստանը և Ղրղստանը, որոնք Թյուրքական խորհրդի անդամներ են, իսկ այդ կառույցում խիստ ուժեղ են թյուրքական և իսլամական համերաշխության գաղափարները։ Սրանով է պայմանավորված Ադրբեջանին պաշտպանելու նրանց հակվածությունը։ Բելառուսը նույնպես ունի սերտ կապեր Բաքվի հետ։ Հետևապես, պետք է բացառել այս երկրների հանդես գալը Հայաստանի կողմում։ Իհարկե, այդ երկրները սա պաշտոնապես չեն խոստովանում։

-Պարո՛ն Նադեին-Ռաևսկի, Բաքվից պաշտոնապես հնչեցին հայկական ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիքներ։

-Այդ անմեղսունակ հայտարարությունները միջուկային սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի, Իրանի և Թուրքիայի համար։ Այս սպառնալիքը պետք է խիստ մտահոգի նաև ռուսական ԶՈՒ Գլխավոր շտաբին։ Սակայն, պետք է արձանագրել, որ կոնֆլիկտների ժամանակ նման փոխադարձ սպառնալիքները նորամուծություն չեն։ Քաղաքական գործիչների խնդիրն է զսպել սեփական ծայրահեղականներին։

-Հավանակա՞ն է թուրքական ռազմաբազայի առկայություն Նախիջևանում։

-Ավելի քան 10 տարի լսում եմ այդ հարցը, և այն քննարկվում է հիմնականում հայկական մեդիադաշտում։ Ադրբեջանական կողմն այդ հավանականությունը ներկայացվում է դրական ենթատեքստում, չնայած հարցն ինքնին խրթին է։

Նախիջևանի կորուստը Ադրբեջանի համար ապագայի շատ իրատեսական սցենար է։ Այսօր էլ թուրքերն իրենց Նախիջևանում պահում են որպես լիիրավ տերեր։ Բազայի տեղադրումը, կարծում եմ, քննարկման փուլում է։

-Ինչպե՞ս է վերաբերվում Ռուսաստանը Մոսկվայի՝ 1921 թվականի պայմանագրին, այդ թվում՝ դրա հնարավոր չեղարկմանը։

-Նկատենք, որ ռուսական քաղաքական դաշտում նման հարց լուրջ մակարդակով երբեք չի քննարկվում, հատկապես որ Թուրքիայի հետ Ռուսաստանը ցամաքային սահման չունի։ Առնվազն Ռուսաստանը չի ցանկանում 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով հաստատված սահմանները թողնել «առկախ» վիճակում, ինչն անպայման տեղի կունենա, եթե վերոնշյալ պայմանագրերը չեղարկվեն։

Սարգիս Սարգսյան

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս