Կա երկիր, որն անվերապահորեն աջակցում է Հայաստանին, ինչպես Թուրքիան՝ Ադրբեջանին. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

զոհրաբ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Հեռանկարի» հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև այն դիտարկմանը, թե չկա՞ որևէ երկիր, որը ինչպես Թուրքիան է աջակցում Ադրբեջանին, նույն անվերապահությամբ աջակցի Հայաստանի:

«Իրականում կա, բայց ես այս հարցը կդիտարկեմ մի փոքր այլ համատեքստում, որովհետեւ նման գնահատականն ավելի զգացմունքային, մակերեսային մակարդակում է և վերածվում է սպորտի, թե ով ում ինչպես է աջակցում կամ չի աջակցում:

Շատ ավելի խորքային է մյուս հարցը, որ վերաբերում է համանախագահների կողմից արտահայտված այն կարևոր ազդակներին: Դա այն հարթակն է, այն ձևաչափն է, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես խաղաղ գործընթացի համար հիմնական հարթակ, և այդ մանդատը տրված է երեք համանախագահներին միջազգային հանրության կողմից: Իրենց դիրքորոշումը ստացել է միջազգային հանրության կողմից լայն աջակցություն, որն արտահայտված է բազմաթիվ ձևերով՝ թե՛ առանձին պետությունների կողմից, թե՛ ԵԱՀԿ-ի կողմից, թե՛ ԵՄ-ի կողմից, թե՛ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից: Այդ դիրքորոշման հիմնական էությունը, որն արտահայտված է իրենց հայտարարության մեջ, վերաբերում է շատ կարևոր սկզբունքի՝ վերականգնել կայունությունը, վերականգնել զինադադարը, բացառել սպառնալիքը և սպառնալիքի լեզուն, բացառել առավելապաշտությունը և խաղաղ գործընթացի համատեքստում աշխատել այնպիսի լուծումների վրա, որոնք անհրաժեշտ են համապատասխան  այդ փոխզիջումային բալանսին հասնելու համար:

Այդ դիրքորոշումը մեզ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան որեւէ սպորտի մեջ ներգրավվելը և գնահատելը, թե ինչպես Թուրքիան ավելի շատ աջակցեց Ադրբեջանին, թե ավելի քիչ Հայաստանին»,-ասել է ԱԳ նախարարը:

--00—ԼՄ