Սերնդային էգոիզմի դրսևորում կա գրականության նոր ցանկում․ Վահրամ Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News 

24TV-ի եթերում գրող Վահրամ Մարտիրոսյանը, գրականության նոր չափորոշիչներին անդրադառնալով, մասնավորապես նշեց.

«Աշխարհում փոխվում են շատ չափանիշներ, իսկ մեզ մոտ նոր է սկսվել վերափոխումների ալիքը, որը անցյալ դարի 90-ականներին սկիզբ առավ և կիսատ մնաց: Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ եղան պաշտոնյաներ, որոնք ձախողվեցին տարբեր պատճառներով, և որոշ վերափոխման նախաձեռնություններ էլ նրանց հետ ձախողվեցին:

Արդիականացում անընդհատ պետք է լինի: Իսկ ինչ վերաբերում է գրականության այս նոր չափանիշներին, որքան հասցրել եմ ծանոթանալ, շատ թերություններ եմ տեսել: Սերնդային էգոիզմի դրսևորումներ կան այդ նոր ցանկերում: Նաև քիչ են ընդգրկված վեպերը, որոնք մեծ պատումներ են ներկայացնում: Սովետական պատումը փլուզվեց, բայց սկսվեց մեր անկախության պատումը: Այս մեծ պատումները կուզենայի լինեին ընդգրկված, այդ մեծ պատումները մտնեին դասագրքեր:

Վեպը ծանր ժանր է, բայց նաև պետականության ցուցիչ է: Վեպը կայանում է, երբ թիկունքում պետություն կա: Չեմ նկատել, որ այդ ուղղությամբ որոնում արվել է գրականության նոր ցուցակ կազմելիս, ավելի շատ նկատում եմ, որ որոնումը կարծես համացանցում շրջանառվող ստեղծագործություններով է սահմանափակվել:

Սակայն սա մի առիթ է, որ դպրոցներում կփորձարկվեն ժամանակակից հեղինակները, թող աշակերտները հնարավորություն ունենան կարդալու: Կհասկանանք նաև, թե նոր սերունդը ինչ ստեղծագործություններ է նախընտրում: Այս սերունդը հեղափոխություն է արել, հրաշալի սերունդ է, պետք է հասկանալ, թե հատկապես ինչ ստեղծագործություններ իրենց հետ կխոսեն:

Նաև ուսուցիչ պատրաստողներին պետք է փոխել, որ իրենք էլ այնպիսի ուսուցիչներ ուղարկեն դպրոց, որոնք լինեն աշակերտակենտրոն: Որոնք ոչ թե ցուցակ ունենան, թե ովքեր են լավ գրողները, այլ ունենան քիմք, ճաշակ` լավ գրականությունը հայտնաբերելու: Հայտնաբերելու այդ հաճույքը պետք է փոխանցել աշակերտներին»: 

--0--ԿԿ