Մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել․ Հայկ Դեմոյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

․

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է կրթության նոր չափորոշչին և դիմել իր պատմաբան-գործընկերներին։ Նա մասնավորապես նշել է, որ մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել, որի հիմնական նպատակը մեր ինքնության ու պատմական հիշողության ձևախեղումն է։ Գրառումը՝ ստորև․

«Թմբիրից ու նիրհից արթնացած պատմաբան-գործընկերներին՝ առ ի հիշեցում.

«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծերի բովանդակային ու հայեցակարգային շատ դրույթների կապակցությամբ որոշ պատմաբան-գործընկերներ ուղղակի սարսափար են եղել ու նույնիսկ պատրաստվում են դիմել ԱԱԾ...

Առայժմ կասեմ այսքանը. Դու՛ք, տիկնայք և պարոնայք, լռեցիք, երբ Ծիծեռնակաբերդը հանձնեցին նույն թուրքական դրամով ու զանազան ծրագրերով մշակված ՀՀ քաղաքացիներին: Լռեցիք, որովհետև նախընտրեցիք հարմարվողականությունն ու վախը, այլ ոչ թե խիզախությունը՝ ընդունելու սեփական մեղքի բաժինը, այդ նույն մարդկանց օգտին քվեարկելու դրվագով:

Շարունակաբար իրականացվող այս ստորագույն դավաճանության դրվագներին ընտրովի անդրադառնալու ու կրավորական կեցվածքի պատճառով այսօր լուրջ վտանգի տակ է հայտնվում մեր կրթական համակարգն ու մեր ապագան, որպես այդպիսին...

Մի բանում վստահ եմ, որ բոլորիդ մասնագիտական հոտառությունն ու գիտելիքները լիուլի բավարար են հասկանալու ու գիտակցելու համար, որ ապրում ենք մեր ազգի ու պետականության թերևս ամենաբախտորոշ ժամանակափուլում:

Այո՛, մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել, որի հիմնական նպատակը մեր ինքնության ու պատմական հիշողության ձևախեղումն է: Գտե՛ք ձեր դերակատարումը այդ պայքարում և մի կողմ դրեք անհատական ու խմբակային շահերն ու գզվռտուկները...

Այս ճակատամարտը տանուլ տվողն էլ է դավաճան հանդիսանալու...»։

--0--ԱՀ