Ալիև, ձեռքերդ հեռո՛ւ եկեղեցուց. Լապշինը զգուշացնում է ադրբեջանցիների նոր սադրանքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News 

Լապշին

Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Ալիև, ձեռքերդ հեռու պահիր եկեղեցուց» վերտառությամբ՝ կից ներկայացնելով ադրբեջանցիների կողմից տարածվող մի հրավեր:

«Ահա այսպիսի հրավերներ են տարածվում 2020 թ. օգոստոսի 9-ին Թալ Ավիվ Յաֆոյի հայկական եկեղեցու առջև ծրագրվող սադրիչ գործողություններին մասնակից դառնալու համար: Հրավերները տարածվում են Իսրայելում բնակվող ադրբեջանցիների շրջանում: Ամենայն հավանականությամբ, Բաքվից առաջադրանք է եկել՝ փորձել շարունակել Մոսկվայում սկսած անկարգություններն ու հարձակումները հայկական եկեղեցիների, խանութների ու պարզապես ազգությամբ հայերի վրա:

Ինքս կարծում եմ, որ ժողովրդավար երկրում ցանկացած համայնք սեփական կարծիքի, խաղաղ ցույցերի, իր պահանջների մասին հայտնելու իրավունք ունի, բայց երբ ցույցերի անցկացման վայր է ընտրվում ոչ թե քաղաքի կենտրոնը, որևէ հրապարակ, այլ հենց հայկական եկեղեցին, սա ուղիղ ճանապարհ է դեպի սադրանքներ:

Փաստորեն, բազմաթիվ մահմեդական ադրբեջանցիներ ցույցի դուրս կգան հայկական եկեղեցու տարածքում, որի պաշտպանության համար դուրս կգան քրիստոնյաները: Բռնկվող մարդիկ կան բարիկադների երկու կողմերում, դրան գումարած՝ Բաքվից էլ հրահրում են: Կարծում եմ՝ դա սխալ է: Չի կարելի կրոնին դիպչել, եկեղեցիները, մզկիթներն ու սինագոգները պետք է չդառնան հարաբերություններ պարզելու և սադրանքների վայր: 

Ես Իսրայելի հայ համայնքին խորհուրդ կտայի դիմել ոստիկանություն՝ խնդրելով արգելել հայկական եկեղեցու տարածքում ցույցի անցկացումը՝ կրոնական հողի վրա հնարավոր բախումից խուսափելու համար»,- գրել է նա: 

Իսրայելի հայերին Լապշինը խորհուրդ է տվել նաև՝ հոգեպես պատրաստ լինել վանդալիզմի, եկեղեցին նկարազարդելու, Խոջալուի ու Ղարաբաղի թեմաներով գրառումների և այլնի: Նա չի բացառել նաև, որ հնարավոր են հարձակումներ հայ ակտիվիստների վրա: 

«Ի դեպ, Իսրայելում ադրբեջանցիները ցույց են անցկացնելու օգոստոսի 9-ին՝ նույն օրը, երբ Ալիևի բարեկամ երկրում՝ Բելառուսում, նախագահական ընտրություններ են անցկացվելու: Մենք գիտենք, որ բելառուսները չեն ընդունի արդյունքների կեղծում: Թեժ է լինելու և Մինսկում, և Թել Ավիվում»,- նշել է Լապշինը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս