Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում կգործի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News 

եկեղեցի

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում «Ոչ միայն ուժով, այլև խաղաղ սրտով ու ամուր հավատով» վերտառությամբ գրառում է արել՝ հայտնելով.

«Օգոստոսի 2-ին պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ, համալսարանի ղեկավար կազմն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2013թ-ին՝ ռազմական համալսարանի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի և համալսարանի անձնակազմի նախաձեռնությամբ: Շինարարությունն ընդհատվել էր, սակայն 2020թ-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրահանգով, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի նախաձեռնությամբ և ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանի մասնակցությամբ եկեղեցու կառուցման աշխատանքները վերսկսվել են ու հասցվել ավարտին:

ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ և առաջնորդությամբ սրբալույս մյուռոնով օծվեցին եկեղեցու խաչը, զանգը, սուրբ սեղանն ու մկրտության ավազանը: ԶՈՒ հոգևոր առաջնորդն օրհնանքի խոսք ասաց և բարեմաղթեց նորանոր ձեռքբերումներ հայ ժողովրդի հոգևոր և ազգային արժեքների պահպանության սուրբ գործում:

Այսուհետ ռազմական համալսարանի տարածքում կգործի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որտեղ աղոթք կբարձրացվի սպաների, կուրսանտների, համար, կկատարվեն եկեղեցու սուրբ խորհուրդները, պատարագներ, մկրտություններ և այլն»:

Տոնոյան

--00--ԱԹ