Լեռնային Ղարաբաղը անորոշ ժամանակով պետք է դրվի ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ. Ռիչարդ Հոգլանդ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Հոգլանդն ասել է, որ բախումների հիմնական տարբերությունը նրանում է, որ ուժի կիրառումը տեղի ունեցավ ոչ թե շփման գոտում, որտեղ նախկինում տեղի էին ունենում հիմնական բախումները, այլ բոլորովին այլ վայրում։

«Կարծում եմ՝ դա այն հարցն է, որին դեռ ոչ ոք չի պատասխանել։ Խոսել եմ որոշ մասնագետների հետ, տեսակետները շատ են, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչու այս անգամ բախումները գրանցվեցին միջազգային սահմանին։ Կարծում եմ՝ ոչ ոք չգիտի, թե որոնք են իրական դրդապատճառները, այնուամենայնիվ, դժվար կլինի այն որպես պատահական միջադեպ ներկայացնել, քանի որ եթե որևէ կողմից շփման գծի ողջ երկայնքով պատահական կրակոցներ են տեղի ունեցել, ապա այնտեղ կա հաղորդակցման միջոց, որպեսզի 2 կողմերը կարողանան խոսել և անմիջապես հարթել միջադեպը։ Դա տեղի չունեցավ, իրավիճակն էլ ավելի բարդացավ։ Երկու երկրներն էլ խնդիրներ ունեն COVID-19-ի հետ կապված, սակայն այդ նույն խնդիրներն ունեն նաև Եվրոպան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Միանգամայն անհասկանալի է, թե որ կողմն է որոշել առաջինը խախտել զինադադարը, սակայն դա կարող է լինել նաև հարմար ժամանակ, երբ ամենքը զբաղված են սեփական խնդիրներով»,- ասել է Հոգլանդը։

Հոգլանդը հայտնել է նաև, որ խոսել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ․

«Այս պահին նրանք չեն կարող զինված գոտում դիտորդական առաքելություն իրականացնել։ Այսօրվա վիճակը, սակայն, արմատապես տարբերվում է նախկինից։ Մինսկի խումբը մեծ ջանքեր գործադրեց լարվածությունը նվազեցնելու և ստատուս-քվոյին վերադառնալու ուղղությամբ։ Բայց ես զգացում ունեմ, որ, ցավոք, մոտ ապագայում Մինսկի խումբը չի կարող լուծել այս խնդիրը։ Գոյություն ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը Լեռնային Ղարաբաղի մասին, այսպես կոչված՝ Մադրիդյան սկզբունքները, որոնք հնարավոր լուծում են առաջարկում։ Նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը լուծում առաջարկեց։ Քանի դեռ կողմերը չեն հայտարարել, որ պատրաստ են փոխզիջման, այսպիսի իրավիճակը, դժբախտաբար, կշարունակվի և դրանում, ցավոք, քաղաքացիական հասարակությունը կարող է ներգրավված լինել»։

Անդրադառնալով Թուրքիայի ակտիվությանը, նա նշել է․

«Անկեղծ ասած անձամբ չեմ լսել որևէ զեկույց Թուրքիայի ուղղակի ներգրավվածության մասին։ Բոլորը գիտեն, որ Թուրքիան ու Ադրբեջանը սերտ դաշնակիցներ են, բայց Հայաստանն ու ՌԴ-ն ևս սերտ դաշնակիցներ են։ Փոխզիջման հնարավոր է հասնել միայն այն դեպքում, երբ երկու կողմերի ղեկավարները՝ պաշտոնական Երևանն ու Բաքուն, հայտարարեն, որ խնդիրը լուծելու ժամանակն է եկել։ Բայց, ցավոք, երկու կողմերն էլ խնդիրը դիտարկում են որպես իշխանությունը պահելու միջոց։ Կողմերն ամբողջ աշխարհում ունեն համայնքներ, որոնք ունեն պետական դիրքորոշումից ավելի կոշտ դիրքորոշում, ինչը մենք տեսանք Լոս Անջելեսում և Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների միջև բախումներում»։

Ըստ ԵԱՀԿ նախկին պաշտոնյայի՝ Մինսկի խումբը երբևէ չի կարողանա լուծել այս խնդիրը, քանի դեռ երկու կողմերը չեն հայտարարել, որ ժամանակն է կարգավորել այն։

 «Կարծում եմ, որ այն պետք է դառնա ՄԱԿ-ի խնդիր, և միակ ճանապարհը կլինի, որ Լեռնային Ղարաբաղն անորոշ ժամանակով դրվի ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ։ Եվ հետագայում, տարիներ անց, երբ միգուցե հույզերը նվազեն, այդ դեպքում երկու կողմերն էլ կարող են առաջ քաշել իրենց ցանկություններն ապագայի համար՝ ՄԱԿ-ի առաջնորդության ներքո։ Բայց դա իմ անձնական տեսակետն է, որին հանգել եմ համանախագահ լինելուց հետո»,- ասել է Հոգլանդը։

--00—ՄՀ