Շրջակա միջավայրի նախարարությունում կադրային ջարդ չի լինելու․ Ռոմանոս Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

հասարակական

ՀՀ շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության ղեկավար կազմի, ինչպես նաև կառուցվածքային և տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Պետրոսյանը հայտնել է, որ նախարարությունում չի սպասվում կադրային ջարդ, սակայն կադրային փոփոխություններ լինելու են։

«Բոլոր բարեփոխումները սկսվում են կադրերից։ Պետական կառավարման համակարգն այսօր լիովին վերափոխվել է, և պետք է համապատասխանել նոր չափորոշիչներին։ Այս առումով Շրջակա միջավայրի նախարարությունում բավականին շատ անելիք կա, և այդ անելիքը պետք է համատեղ ջանքով իրականություն դարձնել»,- նշել է նախարարը։

Նա հայտնել է, որ ամենակարճ ժամկետներում հայտարարվելու են ստորաբաժանումների և բաժինների ղեկավարների թափուր հաստիքների մրցույթներ, և յուրաքանչյուր ոք, ով իր գիտելիքներով ու հմտություններով կհամապատասխանի առաջադրված պահանջներին, կկարողանա ազատ մասնակցել մրցույթներին։

«Չկա որևէ կարծրատիպային մոտեցում։ Շահը մեկն է՝ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացու շահը։ Նշեմ, որ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցից պահանջը մեկն է՝ անձնվիրաբար ծառայել պետության ու երկրի շահերին՝ կարծրատիպերից ու կաշկանդող անձնական հարաբերություններից դուրս»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նա մի շարք հանձնարարականներ է տվել առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:

Համավարակի հաղթահարումից հետո մշակվելու են աշխատանքի նոր ձևաչափեր՝ թիմային փոխգործակցության աստիճանի բարձրացում, ինչպես նաև աշխատասենյակներից դուրս՝ շրջակա միջավայրում, աշխատաժամերի անցկացման հնարավորություն։

--0--ԿԿ