Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

մարզպետ

Օգոստոսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենք` ծանոթանալու շինարարական աշխատանքների ավարտական փուլին և շենքի շահագործման հանձնելու հետ կապված խնդիրներին: Ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Ագաթ-777» ՍՊԸ տնօրեն Դավիթ Եսայանը, դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերից և շահագործման պատրաստ կլինի 2020 թվականի ուսումնական տարվա սկզբից: Դպրոցը կառուցվել է նախկին վթարային շենքի տեղում, որը քանդվել է հիմքից: Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ, որը հատկացվել է Ասիական զարգացման բանկի միջոցներից:

«Շինարարական աշխատանքներն ընթացել են ծրագրվածին համապատասխան, առանց խանգարող հանգամանքների: Հինգ մասնաշենքերի կառուցումն այսօրվա դրությամբ ամբողջությամբ ավարտված է: Շինարարության մեջ օգտագործել ենք մինչեւ 580 տոննա երկաթյա ամրաններ, ինչը հիմք է տալիս համոզված ասելու, որ դպրոցը կառուցված է սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան: Ամբողջությամբ ապահովված է որակյալ շինարարություն: Այս պահին մնում է կարգավորել հանձնընդունելության հետ կապված խնդիրները, որից հետո 525 տեղանոց եւ արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենքը շահագործման կհանձնվի այս ուսումնական տարվա սկզբից»,-ներկայացրեց Դավիթ Եսայանը:

Մարզպետը շրջեց դպրոցի մասնաշենքերում, ներկայացրեց իր դիտարկումները, ապա պատվիրատու և շինարարությունն իրականացնող կազմակերպությունների և դպրոցի տնօրենի հետ քննարկեց շենքի շահագործման հանձնման հետ կապված որոշակի հարցեր:

«Ամեն ինչ պետք է անենք, որ նորակառույց դպրոց հաճախել ցանկացող բոլոր առաջին դասարանցիները սեպտեմբերի 1-ին կարողանան օգտվել այդ հնարավորությունից և ստիպված չլինեն ընտրել իրենց բնակության վայրից ավելի հեռու գտնվող դպրոցներ։ Դրա համար շենքը պետք է որքան հնարավոր է շուտ հանձնվի շահագործման, որպեսզի դպրոցը հասցնի ստանալ սեփականության իրավունքի վկայական, որի հիման վրա դիմի ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ նոր լիցենզիա ստանալու համար, որն էլ թույլ կտա` ավելի շատ թվով առաջին դասարանցիներ ընդունելու դպրոց»,- նշեց Գնել Սանոսյանը։

Կողմերը մարզպետին ներկայացրին շենքի շահագործման հետ կապված որոշ հարցեր, որոնց լուծմանը մարզպետը խոստացավ ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս